կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-11 16:21
Սպորտ

Նոր կանոններին հարմարվելը դժվար է. Արտակ Հովհաննիսյան

Նոր կանոններին հարմարվելը դժվար է. Արտակ Հովհաննիսյան

Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտված  ըմբշամարտի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշներին հաջողվել է նվաճել 4 բրոնզե և մեկ ոսկե մեդալ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում 55 կգ քաշային կարգը ներկայացնող, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը խոսեց ավարտված առաջնության և նոր կանոնների մասին:

 

«Առաջին մի քանի գոտեմարտերում հաղթանակս շատ հեշտ տրվեց, սակայն վերջում ինքս էլ չհասկացա` ինչ կատարվեց: Այնպես չէր, որ մրցակիցս շատ ուժեղ էր: Սա սպորտ է, այստեղ ամեն ինչ էլ հնարավոր է: 

 

Նոր կանոններին հարմարվելը, իրոք, դժվար է: Այժմ  մրցավարներն ավելի մեծ հնարավորություններ ունեն: Կարծում եմ` գոտեմարտի հին կանոններով կհաջողվեր ավելի բարձր տեղ գրավել: Ըստ իս` նոր կանոնների մեջ շատ թերություններ կան, որոնք պետք է շտկվեն: Այժմ ուժեղ ըմբիշը կարող է ակնթարթի «զոհ» դառնալ, այսինքն` ավելի թույլ ըմբիշը կարող է անել հարմար բռնվածք, և միանգամից կատարել մի քանի հնարք, ու վերջ. ստացվում է ուժեղ ըմբիշը պարտվեց: Նոր կանոնակարգ հաստատողների կարծիքով` եթե  ըմբիշը ուժեղ է, ապա  նա  թույլ չի տա մրցակցին  հնարքներ կատարել:

 

Պարզապես ժամանակ է պետք հարմարելու համար: Վստահ եմ, որ այս կանոններն էլ մի շարք փոփոխությունների կենթարկվեն»,- նշեց Արտակ Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ Արտակ Հովհաննիսյանը Եվրոպայի երիտասարդական 2012թ. առաջնության արծաթե մեդալակիր էր: