Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Արշալույս Հարությունյանը որոշել է ֆիլմարտադրությամբ զբաղվել. նա իր «Խավարում» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմն առաջին ռոք-օպերան է Հայաստանում, նաեւ առաջինը` եռաչափ գրաֆիկայի առումով: Նրա հավաստմամբ` բավականին բարդ ֆիլմ էր, անգամ` ստեղծողների համար, նաեւ` տեխնիկական տեսանկյունից:
«Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են երկու երիտասարդներ` մեկը հայ, մյուսը` օտարերկրացի, ավտովթարի հետեւանքով հայտնվում նույն հիվանդանոցում: Ստացվում է այնպես, որ հայ երիտասարդի կյանքն անհնար է լինում փրկել, եւ բժիշկները որոշում են հայի ուղեղը տեղադրել օտարերկրացու գլխի մեջ, քանի որ վերջինիս ուղեղը վնասվել էր: Արդյունքում` օտարերկրացին սկսում է հայի նման մտածել, խոսել Ցեղասպանության մասին»,- պատմեց Հարությունյանը:
Ըստ նրա` ֆիլմի մասին շատ ծայրահեղ կարծիքներ կան, իսկ ֆիլմն արդեն հասցրել է Լոս Անջելեսի «Արփա» կինոփառատոնում «Լավագույն սցենար» մրցանակին արժանանալ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հարությունյանը որոշեց թատրոնից անցնել կինո, նա պատասխանեց` կարեւորը բովանդակությունն է եւ ամենեւին էլ կապ չունի` ինչ ձեւով ես քո ստեղծագործությունը մատուցում: «Այժմ Կամերային թատրոնում այնքան լավ ու տաղանդավոր երիտասարդ դերասաններ են եկել, որ կարծում եմ` իրենց համար էլ պետք է ճանապարհ բացել: Հիմա աշխատում եմ ռուսական կինոարտադրողների հետ, մեկ ֆիլմ արդեն նկարահանել եմ, եւ արդեն երկրորդ ֆիլմն եմ նկարում: Չեմ կարծում, որ այդ ֆիլմերը հայկական շուկա կմտնեն»: