կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 16:37
Մշակույթ

Ալենիկովը պատրաստ է վերականգնել Կոմիտասին նվիրված իր ֆիլմը

Ալենիկովը պատրաստ է վերականգնել Կոմիտասին նվիրված իր ֆիլմը

Հայկական «Ռոմեոն եւ Ջուլիետը»` այսպես իր ֆիլմը բնութագրեց ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Ալենիկովը, ով իր «Արքայադստեր պատերազմը» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

 

Լրագրողների հետ զրույցում Ալենիկովը հայտնեց, որ իր ֆիլմը պատմում է ռուս աղջկա եւ հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Ըստ ռեժիսորի` Արքայադուստր մականունով ռուս աղջիկը եւ ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո, իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ, կրոնական ու էթնիկ անհանդուրժողականությամբ:

 

«Հայերը եւ ռուսները միշտ կապված են եղել, ու հանկարծ ինչ-որ դատարկ բանից ատելություն է ծագում: Ազգամիջյան հակամարտությունները եւ քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրականություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել»,- ասաց ռեժիսորը:

 

Ըստ նրա` իր ֆիլմը երեխաների մասին է, բայց նախատեսված է մեծահասակների համար: Ալենիկովը հույս ունի, որ ֆիլմը կկարողանա փոխել մթնոլորտը:

 

Հարցին, թե ինչո՞ւ է ֆիլմի գլխավոր հերոսին հայ, ռեժիսորը պատասխանեց, որ ընտրությունը պատահական չէ. «Ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելիս ԱԱԾ-ից 4 մեծ թղթապանակ էի հավաքել` մի շարք նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է եւ երբեք չի հրապարակվել: Ես շատ էի ուզում, որ հերոսը հայ լինի, քանի որ հայերին ու ռուսներին պատմությունն է կապում»:

 

Ի դեպ, Ալենիկովը ֆիլմ է նկարահանել` նվիրված Կոմիտասին, որը, սակայն, խորհրդային տարիներին արգելվել է ցուցադրել, ապա ոչնչացվել է: Ալենիկովը նշեց, որ ֆիլմից միայն որոշ տեսարաններ են պահպանվել եւ սյուժեն. «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, եթե հովանավոր գտնվի, պատրաստ եմ ֆիլմը կրկին նկարահանել»: