կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 16:46
Հասարակություն

Արմեն Երիցյանի ճաշակն ուրիշ է

Արմեն Երիցյանի ճաշակն ուրիշ է

ԱԻՆ-ի մասին Վերահսկիչ պալատի հաշվետվությունում նշված թվերը շատ փոքր են, բայց, այնուամենայնիվ, 5 կետով առնչվում են նախարարության անվան հետ. վարչապետի հանձնարարությամբ անդրադառնալով ՎՊ տարեկան հաշվետվությանը` այսօր լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

 

Առաջինը` նշվել է, որ հրդեհի եւ տեխնիկական անվտանգության կողմից երեք վարչական վարույթ է կարճվել` մեկը Արագածոտնի, երկուսը` Արարատի մարզերում:

 

«Արագածոտնի մարզինը կարճվել է, որովհետեւ այնտեղ եղել է փոքրիկ հրդեհ, վնասը կազմել է 45 հազար դրամ, գյուղապետը գրավոր գրություն է ուղարկել, որ տվյալ անձնավորությունը բնակվում է տնակում, տարեց է եւ չի կարող 25 հազար դրամը մուծել: Մենք կիրառել ենք ՀՀ վարչական օրենսգրքի 21-րդ հոդվածը եւ բանավոր զգուշացրել ենք քաղաքացուն, որովհետեւ նա այդ 25 հազար դրամը չէր կարող մուծել»,- հայտնեց Արմեն Երիցյանը:

 

Մյուս երկու վարչական իրավախախտումների մասով, որ ներկայացված են եղել հաշվետվության մեջ, այդ երկու անձինք տուգանվել են 2010 թվականին 25 հազարական դրամով:

 

Բացի դրանից` ՎՊ-ի կողմից ներկայացվել է, որ ԱԻՆ բողոքարկող հանձնաժողովը կարճել է Երեւանի առաջին տպարանի շենքի վերելակների վարույթը:

 

«Մենք ներկայացրել ենք, որ այնտեղ գործում են երկու վերելակներ, մեկը անցել է տեխնիկական անվտանգության հիմնական ստուգումը եւ գործում է, իսկ մյուսը չի աշխատում, որովհետեւ կոնսերվացված է»,- նշեց ԱԻՆ նախարարը:

 

Մեկ այլ նկատառմամբ էլ ՎՊ-ն նշել էր, թե հաշվետու ժամանակաշրջանում տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու համար տեսչության կողմից նշանակված 48 միլիոն 500 հազար դրամից պետբյուջե մուծվել է 26 միլիոն 241 հազար դրամ: Սա, ինչպես նշեց նախարարը, գործընթաց է, որի ընթացքում արդեն 11 միլիոն 350 հազար դրամը մուծվել է, մյուս մոտ 10 միլիոնը` մարդիկ դիմում են դատարաններ, ու դատարանի որոշելու խնդիրն է` մուծե՞ն մարդիկ այդ տուգանքները, թե՞ ոչ:

 

Հինգերորդ կետով` 33 շենքեր կան, որոնք պետք է տեխնիկական քննություն անցնեին, որ չեն անցել:

 

«33-ից 8-ի գործերը գտնվում են վարչական վարույթում, 10-ը ներկայացվել են փորձաքննության` եզրակացություն ունեն, 7-ը` ընդհանրապես այդպիսի օբյեկտներ չկան, հին տվյալներ են եղել, 4-ը` փակ են, որովհետեւ տերերը գտնվում են ՀՀ տարածքից դուրս եւ 3-ը` վտանգավոր օբյեկտներ չեն համարվում»,- պարզաբանեց Արմեն Երիցյանը:

 

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե մայիս ամսին ԱԻՆ-ը 1.6 միլիոն դրամով 80 հազար ոսկեպատ մեդալ է ձեռք բերել` աշխատակիցներին խրախուսելու համար, ապա Արմեն Երիցյանը նշեց, թե այդպիսի դեպք չի եղել.

 

«Ես ընդհանրապես ոսկեպատ մեդալներ չեմ ունեցել ու չեմ էլ ունենա, իմ ճաշակը մի քիչ ուրիշ է: Սովորական մեդալներ ենք տրամադրում բոլորին: Ոսկեպատ, արծաթապատ, բրիլյանտներ, բաներ չունեմ ու չեմ էլ անի»,- ասաց Արմեն Երիցյանը: