կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 17:55
Հասարակություն

Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները համագործակցում են

Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները համագործակցում են

 

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, ԼՀՂ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայությանը տեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Երևանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

ԼՂՀ մայրաքաղաքի «Շտապբուժօգնության» կայանի  բժիշկների հետ համատեղ Երևանից ժամանած մասնագետները մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում իրականացնելով փորձի փոխանակում:  Անցկացվում են նաև դասախոսություններ:

 

Հյուրընկալելով Երևանից ժամանած բժիշկներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել բժիշկներին պատրաստակամության և ցուցաբերվող աջակցության համար, ապա նաև կարևորելով համանուն  առողջապահական կառույցների միջև սկիզբ առած փոխգործակցությունը՝ հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն շարունակական, և Ստեփանակերտի շտապօգնության կայանի գործունեությունն աստիճանաբար  կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին:

 

«Երևանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է այցի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու նշել, որ երկու մայրաքաղաքների համապատասխան ծառայությունների միջև համագործակցության բոլոր ծրագրերն ու դրանց շարունակականությունը գտնվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Արմեն Խաչատրյանը:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Ծրագրի հերթական փուլը շարունակվելու է մինչև հունիսի 26-ը: