կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 14:15
Մշակույթ

Նախագահը Գոնսալո Գուարչին պարգևատրել է ''Մովսես Խորենացի'' մեդալով

Նախագահը Գոնսալո Գուարչին պարգևատրել է ''Մովսես Խորենացի'' մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը:

 

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար: Հայ ժողովրդի համար, ըստ Հանրապետության Նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո և պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ: Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ Նախագահը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է:

 

Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգևի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ փորձելով կյանքի հետագա տարիներին էլ արժանի լինել այդ մեծ պարգևին:

 

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը առողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ է մաղթել Գոնսալո Գուարչին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է կանգնել իր բարեկամների կողքին և ուրախ կլինի մեծագույն հաճույքով նրանց վերստին հյուրընկալելու: