Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց իսպանացի նշանավոր գրող Գոնսալո Գուարչին` ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի:
Ողջունելով իսպանացի մտավորականի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին սրբությունն իր բարեմաղթանքն ու օրհնությունը բերեց նրան և հանդիպմանը ներկա ընտանիքի անդամներին:
Գոնսալո Գուարչն իր հերթին շնորհակալություն հայտնեց Նորին սրբությանը ջերմ ընդունելության համար և Վեհափառ հայրապետին փոխանցեց Հայոց ցեղասպանությանը նվիրված` իր «Հայկական կտակ», «Սպիտակ լեռ» և «Հայոց ծառը» ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները:
Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետը գնահատանքով անդրադարձավ Գոնսալո Գուարչի ստեղծագործություններին` նշելով, որ գրողի ազնիվ զգացումներն արտահայտող ստեղծագործությունները մարդասիրական այն փաղանգի շարունակությունն են, որոնք իրենց ձայնն են բարձրացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Գոնսալո Գուարչին հայ ժողովրդին և առհասարակ համայն մարդկությանը բերած ծառայությունների համար` մասնավորապես շեշտելով, որ իսպանացի գրողի պես անձանց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի բոլոր ժողովուրդների ու պետությունների կողմից: