կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 15:30
Մշակույթ

Գյուրջիեւի անվան համույթը հաճելիորեն զարմացրել է գերմանացիներին

Գյուրջիեւի անվան համույթը հաճելիորեն զարմացրել է գերմանացիներին

Գյուրջիեւի անվան համույթը մայիսին համերգներով հանդես է եկել Գերմանիայում: Yerkir.am-ի հետ զրույցում համույթի հիմնադիր Լեւոն Էսկենյանը նշեց, որ երկու համերգներին էլ դալիճը լեփ-լեցուն է եղել: Ըստ նրա` մեծ հետաքրքրություն կար Գյուրջիեւի ստեղծագործությունների եւ համույթի հանդեպ:

 

«Մենք Գերմանիայում համերգային ծրագրի 90 տոկոսը Գյուրջիեւ ներկայացրեցինք, բայց որպեսզի նաեւ հետաքրքրություն առաջացնենք, Կոմիտաս, Ջիվանի, Սայաթ-Նովա նույնպես կատարեցինք: Իրենք անգիր գիտեն Գյուրջիեւի ստեղծագործությունները, բայց հիմնականում դաշնամուրային կատարմամբ են ծանոթ, իսկ մենք արեւելյան-ժողովրդական նվագարաններով էինք դրանք ներկայացնում եւ մեր մեներգիչների կատարմամբ, ինչը շատ յուրահատուկ եւ անսովոր էր իրենց համար»,- ասաց Էսկենյանը եւ հավելեց, որ շատերը, լսելով իրենց, ցանկություն են հայտնում այցելել Հայաստան եւ մեր մշակույթն ուսումնասիրել. «Վերջին 3 տարվա մեջ շատերին գիտեմ, ովքեր այցելել են Հայաստան: Յուրաքանչյուր քաղաքից, որտեղ մենք ելույթ ենք ունեցել, մոտ 30 հոգանոց խմբերով եկել են Հայաստան»:

 

Համույթը տարբեր երկրներից հրավերներ ունի` Բելգիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ եւ Ավստրալիա:

 

Ի դեպ, Ավստրալիայի համալսարաններից մեկում Էսկենյանը հայկական երաժշտության մասին պետք է վարպետության դասեր անցկացնի: Նա տեղեկացրեց, որ դասախոսությունները նվիրված են լինելու հայկական հոգեւոր, աշուղական, ժողովրդական, հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերին:

 

«Դրսում լրիվ անծանոթ են Ջիվանիի կամ Սայաթ-Նովայի ստեղծագործություններին, հայկական միջավայրից դուրս չգիտեն: Քիչ, թե շատ ծանոթ են Կոմիտասի գործերին, բայց ոչ համարժեք չափով, դրա համար էլ դասախոսությունների միջոցով կներկայացվեն մեր ազգային արժեքները»,- ասաց Էսկենյանը: