կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-15 13:09
Քաղաքական

Երևանի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը վայր են դնում մանդատները

Երևանի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը վայր են դնում մանդատները

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Սրբուհի Ղազարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներից: Նշենք, որ Սրբուհի Ղազարյանը ցուցակում երկրորդն է, իսկ Նիկոլայ Բաղդասարյանը` 15-րդ:

Սրբուհի Ղազարյանը վարչապետի խորհրդականն է, Նիկոլայ Բաղդասարյանն էլ հասարակական հիմունքներով է վարչապետի խորհրդականը:

Yerkir.am-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանը մանդատից հրաժարվելը բացատրեց նրանով, որ ցանկանում է շարունակել իր աշխատանքը կառավարությունում: «Ես վարչապետի խորհրդականն եմ, ուզում եմ շարունակել իմ այդ աշխատանքը»,- ասաց նա:

Ղազարյանը հայտնեց, որ օրենքի արգելք կա, և որ երկու աշխատանքներն անհամատեղելի են: «Պետք է օրենքով շարժվել և որոշում կայացնել` կա'մ այստեղ, կա'մ այնտեղ: Որոշում եմ կայացրել շարունակել իմ աշխատանքը կառավարությունում»,- ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բավականին լավ թիմ է ձևավորվել, և պետք է հնարավորություն տալ երիտասարդներին աշխատելու: «Մանդատը վայր դնել` չի նշանակում, որ իրենց հետ չեմ աշխատելու: Պայմանավորվել ենք, որոշակի չափանիշներով աշխատելու եմ իրենց հետ: Մանդատից հրաժարվելը պայմանավորված է նաև գործադիր-ՏԻՄ շահի հնարավոր բախմանը բացառմամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանու 4-րդ համար Տրդատ Սարգսյանն էլ նշանակվել էր Վայոց ձորի մարզպետ:

Այսպիսով` մանդատներից հրաժարվողներին ըստ ցուցակի հաջորդականության կարող են փոխարինել` Ղալեչյան Արմեն (ՔՊԿ), Գալջյան Արմեն (ՔՊԿ), Մարության Արփենիկ Հարությունի (ՔՊԿ), Գևորգյան Վահե Արմենակ (անկուս.), Երիցյան Գրիգորի Աշոտի (անկուս.):