կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 22:07
Քաղաքական

Իրականում Երեւանում իրականացվում է խայտառակ կառավարում. ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

Իրականում Երեւանում իրականացվում է խայտառակ կառավարում. ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները կարեւոր եւ վճռորոշ նշանակություն են ունենալու ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլեւ մեր ողջ հանրապետության հետագա զարգացման ընթացքի համար. այսօր, նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումկանը:

 

Նա ընդգծեց, որ իշխանություններն այսօր փորձում են ներկայացնել, որ Երեւանում հրաշք կառավարում է իրականացվում, որ Երեւանում արվում են գործեր, որ չտեսնված են պատմության մեջ, որ Տարոնը վերջին 20-ամյակի լավագույն քաղաքապետն է` 400 բակ են կառուցել եւ այլն, բայց իրականությունը ճիշտ հակառակն է եւ շատ դառն է:

 

«Իրականում Երեւանում իրականացվում է խայտառակ կառավարում` ամեն ինչ արել են, որ ավագանու ինստիտուտը 4 տարվա ընթացքում այդպես էլ չկայանա: Եվ այդ հլու-հնազանդ ավագանին շատ վատ դերակատարություն է ունեցել մեր քաղաքի կառավարման գործում` ոչ միայն չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, այլ ընդհակառակը` օրենքի խախտմամբ, իր լիազորություններից շատերը զիջել է, որոնք մեծագույն վնաս են պատճառել մեր մայրաքաղաքի բյուջեին»,- պարզաբանեց Արսեն Համբարձումյանը:

 

Իր ասածը հիմնավորելու համար նա բերեց մի քանի փաստեր, Օրինակ` նշեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը, օրենքներով հստակ ամրագրված է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, աճուրդով օտարվող հողերի վաճառքի մեկնարկային գինը եւ վաճառքի պայմանները պետք է որոշի ավագանին:

 

«Մեր «խելոք» ավագանին օրենքի խախտմամբ, իր լիազորությունը իր իսկ որոշմամբ զիջել է քաղաքապետին: Քաղաքապետն, իր հերթին, օրենքով իրեն չվերապահված լիազորությունը, որ սիրահոժար տվել է նրան ավագանին, տվել է իր իսկ կողմից ստեղծված հանձնաժողովին: Այդ հանձնաժողովը տարիներ շարունակ Երեւանում աճուրդով վաճառել է հողերը` փակ աճուրդներով ու խիստ կասկածելի գներով, որոնց մանսակցել են հենց քաղաքապետարանի աշխատակիցներից շատերը եւ այդ հողերը մեջ-մեջ արել»,- ասաց Արսեն Համբարձումյանը` շեշտելով, որ դա է իշխող կուսակցության պատկերացրած լավ կառավարումը:

 

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը հիշատակեց, որ ամեն տարի սոցիալական ծախսերով այն, ինչ պետք է անեն, թերակատարում են, փոխարենը գերակատարում են այն ծախսային հոդվածները, որոնց արդյունքները երեւանցիների համար տեսանելի չէ: Օրինակ, նշեց Ա. Համբարձումյանը, քաղաքապետարանում ծրագրել էին 70 միլիոն դրամ արտասահմանյան գործուղումների համար, բայց տարին վերջացել է ու պարզվել, որ այդ ծախսերը գերակատարվել են 4 անգամ: Սակայն պարզ չէ` ո՞ւր են գնացել, ո՞ւմ են ծառայել այդ գումարները, ի՞նչ է շահել դրանից երեւանցին: Արսեն Համբարձումյանը նշեց նաեւ աղբահանության օրինակը` օրենքով նախատեսված է, որ աղբի տեղադրման համար պետք է Երեւանի բյուջե վճարվի բնապահպանական վճար:

 

«Վերջին 3 տարվա ընթացքում, ես պաշտոնապես հայտարարում եմ, Երեւանում բնապահպանական վճարների գծով մուտքերը աղբի տեղադրման համար կազմել են 0 դրամ: Այնինչ այդ նույն աղբավայրերում այդ նույն աղբը հարթեցնելու համար ձեր գրպանից վճարվում է որոշ մարդկանց, ովքեր միլիոններ են դիզում»,- ասաց բանախոսը:

 

Արսեն Համբարձումյանը խոսեց նաեւ երթուղային տաքսիների գծատերերի` ամեն տարի մոտ 15 միլիարդ դրամ իրենց գրպանը դնելու թափառիկ կենդանիների դեմ պայքարելու մասին եւս` նշելով` «Մի քանի տարի առաջ բյուջեից 15 միլիոն դրամ էին հատկացնում թափառող կենդանիների դեմ պայքարի համար: Ու մեկ էլ հանկարծ ինչ-որ «խելոքի» մտքով անցել է, որ այդ գումարը կարելի է 15 անգամ մեծացնել ու դարձնել 220 միլիոն` ավելի քան կես միլիոն դոլար:

 

Եվ ամեն տարի հայտարարված մրցույթի արդյունքում հաղթում է միեւնույն կազմակերպությունը, եւ այդ գումարները, գիտենք, թե ուր են գնում: Եվ այսպես շարունակ»:

 

Արսեն Համբարձումյանը նշեց, որ այսքանից հետո խոսել արդյունավետ կառավարման, Երեւանում տեղադրված նստարանների, ցանված ծաղիկների, տնկված մի քանի ծառերի մասին, առնվազն ծիծաղելի է, որ հնարավոորությունները ճիշը օգտագործելու պարագայում, ՀՅԴ-ն շատ ավելի կարճ ժամանակահատվածում կունենա շատ ավելի լավ Երեւան:

 

«Բայց ավելի լավ Երեւան մենք կարող ենք ունենալ ոչ թե ՀՀԿ իշխանության օրոք, այլ առանց իրենց»,- նշեց Արսեն Համբարձումյանը: