կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 18:21
Քաղաքական

Տարոն Մարգարյանը լրագրողներին ասուլիս խոստացավ

Տարոն Մարգարյանը լրագրողներին ասուլիս խոստացավ

Ինչպես բոլոր վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, այնպես էլ Աջափնյակում ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը «բացատրեց», թե ինչու է պետք ձայն տալ Տարոն Մարգարյանին եւ ինչու է ինքը նրա կողքին կանգնած:

 

«Տարոն Մարգարյանը դաստիարակվել է նահապետական, հայկական ընտանիքում եւ այսօր իրականացնում է այն բոլորը, ինչ սովորել է իր հորից` Անդրանիկ Մարգարյանից: Նա այս մեկուկես տարվա ընթացքում մեծ գործ է արել Երեւանի կանաչապատման, այգիների, ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Բայց հսկայական գործ կա դեռ անելու, եւ նրան պետք է հնարավորություն տրվի աշխատանքները շարունակելու: Շնորհակալություն նրան այս բոլորի համար»,- հայտարարեց Թոքմաջյանը:

 

Նա, իհարկե, չմոռացավ հիշեցնել, որ թեեւ Տարոն Մարգարյանն ընդամենը 35 տարեկան է, բայց արդեն 5 զավակ ունի: Այս փաստը հիշեցնելուց հետո Թոքմաջյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը, որպես քաղաքացի, իր պարտքն է կատարել երկրի առջեւ:

 

Ի դեպ, Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հավաստիացրեց. «Ես անպայման մի օր ձեզ (լրագրողներին) կհրավիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ»: Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք: