կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 18:05
Քաղաքական

35 տարեկան 10 օրական Տարոն Մարգարյանը ռոմանտիկ ու լոպազ չէ

35 տարեկան 10 օրական Տարոն Մարգարյանը ռոմանտիկ ու լոպազ չէ

 

Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Աննա Ասատրյանը հավաքվածներին ներկայացրեց Տարոն Մարգարյանի բնավորության գծերը: Երաժշտագետը նախ նշեց, որ հավաքվածներն իրենց ընտրությունն արդեն կատարել են եւ մայիսի 5-ին ընտրելու են Տարոն Մարգարյանին (ուշագրավ է, որ շեշտում է ոչ թե ՀՀԿ-ին, այլ հենց Տարոն Մարգարյանին), հետո նշեց այն պատճառները, որոնք «ստիպում են, որ նման ընտրություն կատարեն»:

 

«Նախ եւ առաջ` պետք է նկատի ունենալ Տարոն Մարգարյանի փորձառությունը: Չնայած երիտասարդ տարիքին` նա արդեն բավականին աշխատանքային փորձ է կուտակել, հարուստ աշխատանքային ճանապարհ անցել: Նրա արած գործերի մասին չէ, որ ես կուզեմ խոսել, այլ նրա մարդակային նկարագրի որոշ հատկությունների մասին: Մեր քաղաքապետը երիտասարդ է, ընդամենը 35 տարեկան 10 օրական, սակայն զերծ է երիտասարդին բնորոշ ռոմանտիզմից, լոպազությունից, մեծամտությունից, եւ դրա հետ զուգընթաց նրա մեջ կան պետական հասուն գործչին հատուկ բոլոր հատկանիշները»,- հայտարարեց ավագանու ՀՀԿ-ական անդամը եւ վստահեցրեց, որ «ամենախճճված, ամենակնճռոտ, բարդ իրավիճակներում Տարոն Մարգարյանը գտնում է միակ, ճիշտ լուծումը»: «Կարծես, լինի իսկական շախմատիստ»,- ընդգծեց նա:

 

Աննա Ասատրյանը նաեւ հայտարարեց, որ «մի կողմից Տարոն Մարգարյան արտակարգ մարդասեր եւ գթասեր է, իսկ մյուս կողմից` բացառիկ պահանջկոտ»: «Եթե դրան էլ գումարենք նրա ազնվությունը, աշխատասիրությունն ու եռանդը, պարզ կլինի, որ մեր քաղաքին պետք է Տարոն Մարգարյան»,- եզրափակեց ավագանու ՀՀԿ-ական անդամը: