կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 14:35
Մշակույթ

Իրանը մեր հուշարձանները չափազանց լավ է պահպանում

Իրանը մեր հուշարձանները չափազանց լավ է պահպանում

Այսօր ստորագրվել է «ՀՀ մշակույթի նախարարության և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին:

 

Ծրագրի համաձայն` կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային շաբաթների կազմակերպմանը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը: Կինոյի բնագավառում կողմերը կհամագործակցեն համատեղ ֆիլմերի արտադրությանը, ինչպես նաև հայկական և իրանական համապատասխան ընկերությունների կողմից կազմակերպվող ֆիլմերի ցուցադրությանը: Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին: Կողմերը կաջակցեն Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության արխիվի և ազգային գրադարանի միջև համագործակցությանը:

 

Հայաստանն այս տարի կփորձի Երեւանում գտնվող իրանական Կապույտ մզկիթն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

 

«2012 թ. աշնանն Իրան կատարած աշխատանքային այցս հնարավորություն տվեց տեղում մոտիկից ծանոթանալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Իրանն այն եզակի երկրներից է, որտեղ հայկական եկեղեցիների, դպրոցների եւ կրթամշակութային օջախների նկատմամբ մեծ հոգածություն է ցուցաբերվում: Նրանք մեր հուշարձանները չափազանց լավ են պահպանում»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: