կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-06 19:57
Իրավական

ՔԿՀ-ներում վատ պայմանները հրատապ լուծում են պահանջում

ՔԿՀ-ներում վատ պայմանները հրատապ լուծում են պահանջում

Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում վատ պայմանները և գերբեռնվածությունը շատ հրատապ խնդիր է՝ գերբեռնվածությունը կալանավորումը որպես խափանման միջոց շարունակական կիրառման պրակտիկայի, ինչպես նաև՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա լուրջ խնդիրների արդյունք է: Այսպիսի եզրակացության են եկել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն (NHC) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) 2010թ. մայիս-2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածին առնչվող Հայաստանի համընդհանուր պարբերական վերանայման միջանկյալ զեկույցում: Այն անդրադառնում է Հայաստանի կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների համապատասխանելիությանը, ինչպես նաև՝ 2010թ. մայիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Համընդհանուր պարբերական վերանայման ժամանակ առաջացած հանձնարարականների և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:

 

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցի՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործող մեխանիզմը չի ապահովում անկախություն, անաչառություն և կանխատեսելիություն, բացակայում են ազատման չափանիշները, որոնց հիման վրա պայմանական ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունում է որոշում: Վաղաժամկետ պայմանական ազատման վերաբերյալ գրեթե բոլոր հայտերը մերժվում են: Մինչ օրս արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավման ուղղությամբ: Բնակեցման վատ պայմանները և բողոքարկման արդյունավետ ընթացակարգի բացակայությունը հանգեցնում են բողոքարկման ծայրահեղ մեթոդների կիրառման ավելացմանը, այդ թվում՝ ինքնավնասման դեպքերի, հացադուլների և այլն:

 

Համակարգում, իրավապաշտպանների գնահատականներով, չեն ներդրվել նաև վերականգնողական ծրագրեր' ուղղված դատապարտյալների ռեսոցիալիզացիայի ապահովմանը: Չնայած օրենքի պահանջին, չեն մշակվում դատապարտյալների հետ աշխատանքի անհատական պլաններ, ինչպես նաև՝ դատապարտյալների հետ որևէ գործողություններ չեն իրականացվում: Ազատազրկված դատապարտյալների մեծամասնությունը չի ապահովվում վճարովի աշխատանքով: Իսկ ազատվելուց հետո նախկին դատապարտյալի համար աշխատանք գտնելը գրեթե անհնար է:

Աղբյուր` «Փաստինֆո»: