2013 թ. մարտի 27-ին «www.galatv.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «ԳԱԼԱ-ի մեքենան արդեն երրորդ օրն է՝ ապօրինի պահվում է տուգանային հրապարակում. պարզաբանում ոստիկանության պարզաբանմանը» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-2106» մակնիշի 10OL887 համարանիշի ավտոմոբիլը ԳԱԼԱ-ին չի պատկանում, այն 2007 թվականից հաշվառված է Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի 27 տան բնակիչ Արմեն Սերյոժայի Պետրոսյանի անվամբ: Հետևաբար, հոդվածագրին և մյուս լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ վարչական իրավախախտման գործով վարույթին ավելորդ հնչեղություն հաղորդելու նպատակով քաղաքացուն պատկանող ավտոմոբիլը որպես ուրիշի սեփականություն ներկայացնելուց:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված հարցադրումներին, ապա մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ վարորդ Ա. Պետրոսյանը հրաժարվել է կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով նախատեսված պարտականությունը, այն է՝ իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ավտոմոբիլը տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք և դրվել արգելանքի տակ: Օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Ա. Պետրոսյանի ավտոմոբիլն անհապաղ կհանվի արգելանքից և բաց կթողնվի պահպանվող հատուկ տարածքից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծանուցում տրվել է անձամբ ոստիկանության ծառայողների կողմից՝ բանավոր, ինչին, իմիջիայլոց, վարորդ Ա. Պետրոսյանը չի առարկել և համաձայնել է ներկայանալ Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է:
Բացի այդ, ոստիկանությունը ոչ մի «օղակ» օպերացիա էլ չի իրականացրել, այլ օրենքով սահմանված կարգով փորձել է տրանսպորտային միջոցը տեղափոխել պահպանվող հատուկ տարածք, և Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցն էլ այդ ժամանակ անանցանելի չի դարձել, ինչի մասին է վկայում նաև հենց կայքում տեղադրված տեսանյութը: