Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 22-ին Մոսկվայում, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության եւ Մոսկվայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ, հանդիպում էր կազմակերպվել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի հետ: «Հայաստանը` բարեկամների աչքերով» նախագծի նպատակն է հայերին ցույց տալ, թե ինչով կարող են հպարտանալ, եւ ինչ թերություններ կան, որոնցից անհրաժեշտ է ձերբազատվել. տեղեկացնում է «Երկրամասը»:
Կիմ Բակշին անթաքույց հաճույքով ուսանողներին ներկայացրել է հին հայկական մշակույթում իր բացահայտումները: Նա հայկական ձեռագրերի եւ մարդկային ճակատագրերի մասին 7 գրքի հեղինակ է, եւ պատմել է, թե ինչու է սիրում Հայաստանը եւ դրա բազմաչարչար ժողովրդին:
Ուսումնասիրելով Հայաստանի պատմությունը` նա ցանկացել է բացահայտել, թե ինչու են հայերը գոյատեւել, մինչդեռ մյուս հին ժողովուրդները` ասորիները, բաբելոնացիները եւ այլն, անհետացել: Եվ նա հայտնաբերել է մշակույթի տեսությունը` հայերին, որպես ժողովուրդ, փրկել է գիրքը:
«Հայ ժողովրդի ինքնապահպանության բանաձեւը այս տեսքն ունի` լեզու, կրոն, պատմություն, մշակույթ: Այդ հիմնական խարիսխներն են, որոնք պահպանել են հայ ժողովրդին»,- համարում է գրողը` հավելելով, որ գլխավորը, որ տալիս է մշակույթը, թույլ չի տալիս մարդուն գազանանալ: Նա համոզված է` նման հզոր մշակութային ժառանգություն ունեցող ժողովրդին հաղթել հնարավոր չէ:
«Ինձ համար վիրավորական է, երբ ադրբեջանական ղեկավարությունը հայերին «եկվոր» է անվանում: Ի՞նչ եկվոր, երբ ամբողջ Արցախը այն ժամանակների հնագույն հուշարձաններով է պատված, երբ ոչ միայն Ադրբեջանում ադրբեջանցիներ չկային, նաեւ այդ հասկացությունը չկար: Գոյություն ուներ իրանական Ադրբեջանը, որտեղի ժողովուրդն այլ է: Ամոթ է, երբ երկրի նախագահը նման բաներ չգիտի»,- հայտարարել է Բակշին:
Ըստ նրա` հայերը կարող են հպարտանալ նրանով, որ, սփռված լինելով ամբողջ աշխարհում, չեն կորցնում իրենց ինքնությունը, կապը Նախամոր հետ: «Դուք գիտեք ձեր արմատներ, դուք ամեն ինչ գիտեք ձեր մասին, իսկ դա նշանակում է, որ մշակութային ճգնաժամ հայ ժողովրդին չի սպառնում»,- ասել է գրողը` հավելելով, որ կարեւոր է` պատերազմ չլինի, իսկ անհրաժեշտության դեպքում հայերը` հանձին իրեն, եւս մի զինվոր կունենան: