կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 21:20
Քաղաքական

Եթե սա է Եվրոպան` մեզ բնավ պետք չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Եթե սա է Եվրոպան` մեզ բնավ պետք  չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Այս պայքարը պատկանում է ՀՀ քաղաքացիներին ու ժողովրդին, եւ ես նրա մի մասնիկն եմ»,- այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը ու հավելեց, որ ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց իրեն, եւ ինքն էլ ոչ մի քայլ չի անելու առանց ժողովրդի:

 

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ, իմանալով հանդերձ դատարանի դրվածքն` այստեղ գործադիրի կցվածքը լինելու հանգամանքը, որոշեցին, այնուամենայնիվ, վերջին հնարավորությունը տալ նրան` իր անվանը վայել որոշում կայացնել, սակայն այն վատնեց իր այդ վերջին հնարավորությունը եւս:

 

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ նաեւ ափսոսանք հայտնեց Հրայր Թովմասյանի` Սերժ Սարգսյանի ներկայացուցչի դերում հանդես գալու երեւույթի կապակցությամբ: «Ի՞նչ գործ ունի արդարադատության նախարարը, ով պետք է պաշտպանի ամբողջ հայ ժողովրդի համար արդարությունը, հանդես գալ մեկ թեկնածուի պաշտպանի դերում, ում համար կեղծվեց արդարադատությունը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ նա անդրադարձավ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հարցին եւ ասաց, որ հաջորդ քաղաքապետը լինելու է իրենցից մեկը: «Մենք հաղթանակը տանելու ենք Երեւան եւ ոչ թե վերցնելու ենք Երեւանը, այլ վերադարձնելու ենք այն ժողովրդին»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:

 

Նա հայտնեց, որ թեեւ ասել էր` մեկնաբանելու է միայն մեկ մարդու` Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց սրանից հետո կմեկնաբանի նաեւ Վեհափառ հայրապետի խոսքերը: «Ես Առաքելական մայր եկեղեցու որդի եմ: Իսկ եթե հաղորդագրության միջոցով ուզում են ինձ սպառնալ, թե չեն ուզում ինձ թաղել Հայ առաքելական եկեղեցում, ուրեմն ինձ թաղեք Հայաստանի ցանկացած անկյունում, որովհետեւ ցանկացած մի կտոր հող իմ սրբությունը, իմ եկեղեցին ու իմ հայրենիքն է: Խնդրում եմ` Ավետարանը չմտցնեք այս քաղաքական պայքարի մեջ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այսօրվա հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն անդրադարձ կատարեց ԵԺԿ նախագահ Մարթենսի հարցազրույցին, որում խոսվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ու անձամբ իր մասին: «Եթե սա է Եվրոպան, մեզ բնավ պետք չէ: Ես քննադատեցի Մարթենսին ՀՀԿ նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար, որ գնաց ու անդամ երեք կուսակցություններից միայն մեկի կողմը բռնեց, թե Եվրոպան Ձեզ հետ է, ընտրակեղծարարնե’ր, ընտրությունը գողացողնե’ր: Այն ժամանակ ես նրան քննադատեցի, ու երբ եկավ Հայաստան, ես նրան ասացի, որ հաջորդ անգամ չփորձի եվրոպական բարձրագույն արժեքներից խոսել ու հակառակն անել: Բայց այս ընտրություններից հետո հայտնի շնորհավորանքն ուղարկելով` նա կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ նա վերահաստատեց իր այն տեսակետը, որ եթե Մարթենսի կեցվածքը դառնա ԵԺԿ ընդհանուր ինստիտուցիոնալ դիրքորոշում, «ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունը այդ կեղծ եվրոպական կազմակերպությանը: