Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մարտի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը: Ֆիլհարմոնիկի հետ համատեղ համերգով հանդես կգան շեփորահար Սերգեյ Նակարյակովը, դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը եւ դիրիժոր Ջոն Վիկտորին Յուն:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջոն Վիկտորին Յուն նշեց, որ արդեն երրորդ անգամ է Հայաստանում եւ յուրաքանչյուր անգամ հաճույքով է գալիս այստեղ:
«Հրաշք է Շոստակովիչ կատարել նման երաժիշտների հետ, քանի որ մեր երկրում բավական երկար ժամանակ արգելված էր Շոստակովիչը: Իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբն, արդեն գաղտնիք չէ, որ տարբերվում է իր յուրօրինակ ձայնով. այն շատ երգեցիկ է: Ֆիլհարմոնիկն էմոցիոնալ մոտեցում ունի երաժշտության նկատմամբ, այն նման է հայկական խոհանոցին»,- ասաց դիրիժորը` հավելելով, որ հատկապես ուրախ է, որ համերգին հնչելու է նաեւ իր խմբագրած` Բրուքների 3-րդ սիմֆոնիան. «Ի դեպ, ես նաեւ հայկական երաժշտությանն եմ ծանոթ ու ոչ միայն Արամ Խաչատրյանին: Երբեմն մեր երկրում համերգներին նաեւ հայկական երաժշտություն ենք կատարում»:
Սերգեյ Նակարյակովն էլ նշեց, որ յուրաքանչյուր անգամ սիրով է գալիս Հայաստան եւ չնայած շեփորահարների համար ստեղծագործությունների ցանկը մեծ չէ, բայց գոհ է համերգի համար ընտրված ծրագրից:
Դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչը Հայաստանում եղել է յոթ տարի առաջ: Ըստ նրա` հայերը շատ ջերմ են: «Հիանալի նվագախումբ ունեք, որը համերգի ժամանակ շատ է օգնում մենակատարին»,- նշեց դաշնակահարուհին:
Համերգային ծրագրում կհնչեն Հայդնի «Թավջութակի կոնցերտը»`փոխադրված շեփորի համար, Շոստակովիչի «Կոնցերտ դաշնամուրի, շեփորի եւ լարային նվագախմբի համար» եւ Բրուքների «Սիմֆոնիա թիվ 3»-ը, որը հայաստանյան պրեմիերա է լինելու: