կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 21:30
Հասարակություն

Երկու խոսք Խաչիկ Կիրակոսյանի մասին

Երկու խոսք Խաչիկ Կիրակոսյանի մասին

Այսօրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Ազատության հրապարակում բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանի և մի կնոջ միջև տեղի ունեցած վեճն է: Ցերեկը տեղի ունեցած այս միջադեպից հետո Խաչիկ Կիրակոսյանը նորից է հայտնվել Ազատության հրապարակում և այս անգամ էլ փորձել է վեճ սկսել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Մինչ այս պահը Խաչիկ Կիրակոսյանի անունը շատերին անծանոթ էր, սակայն պարզվում է, որ նա այնքան էլ անհայտ մեկը չէ: Նրա անունը, մասնավորապես, շատ ծանոթ է Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տան անդամներին:

 

Այս շենքի հենց մուտքին փակցված է մի ցուցանակ, որին գրված է. «Խաչիկ Միսակի Կիրակոսյանի մուտքն արգելված է ոչ արժանապատիվ պահվածքի եւ ակումբի անդամությունը հեղինակազրկելու պատճառով»: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն այս մասին իր բլոգում գրառում է արել դեռևս հինգ տարի առաջ: Թե ինչու են այս մարդու մուտքն արգելել, կա մի քանի վարկած: Իսկ դրանցից մեկն էլ այն է, որ Գրականագետների տան կին տնօրենի և Կիրակոսյանի հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: Մի օր էլ նրանք ոչ միայն վիճել, այլև ծեծկռտուք են սարքել:

 

Այս վարկածը թերևս կարելի է և չբացառել` հաշվի առնելով այսօրվա` նրա և այդ կնոջ միջև տեղի ունեցածը:

 

Ինչևէ, բլոգերը նաև մի քանի փաստ է ներկայացնում Կիրակոսյանի կենսագրությունից: Պարզվում է` այս մարդը 1991 թվականին գնացել է Մոսկվա և 13 տարի անց վերադարձել Երևան: Իսկ երիտասարդ տարիներին աշխատել է գերեզմանատանը, ավելի ուշ` հայկական ֆիլմերից մեկում նկարահանվել գերեզմանափորի դերում:

 

Ըստ մեր տեղեկությունների` ԽՍՀՄ-ի տարիներին Կիրակոսյանը Գրողների միության պահակն է եղել: