կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 18:40
Քաղաքական

Քաղաքական եւ իրավական պայքարները կընթանան զուգահեռ

Քաղաքական եւ իրավական պայքարները կընթանան զուգահեռ

«Մենք դիմեցինք ՍԴ, քանի որ բոլոր իրավական հիմքերը կան, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ դիմելու է ՍԴ»,- Րաֆֆի Հովհաննիսյանի անունից ՍԴ հայց ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

 

Նա նշեց, որ ՍԴ դիմելը չի փոխարինելու քաղաքական պայքարին, բայց նաեւ հնարավորություն է, շանս է Սահմանադրական դատարանի համար` որպես ինստիտուտի, կայանալու, նաեւ սահմանադրական դատարանի անդամների համար, որ մաքրեն իրենց վրայից այն նախորդ անգամների` կեղծված ընտրությունների լեգիտիմացումը, որն իրենց վրա մինչ օրս մնացել է` ՍԴ նախագահի գլխավորությամբ:

 

«Քաղաքական պայքարը շարունակվելու է, եւ ՍԴ դիմելը չի փոխարինելու քաղաքական պայքարին: Իրավական ճանապարհն ընթանալու է զուգահեռ, եւ սա ընդամենը ոչ միայն վիճարկումն է փետրվարի 25-ի 61ա եւ 62ա որոշումների` մեկը` ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ, մյուսը` նախագահի ընտրության վերաբերյալ, այլ նաեւ մենք այս դիմումով, ըստ էության, պահանջում ենք, որպեսզի վավեր ճանաչվի ժողովրդի հաղթանակը, վավերացվի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրությունը, որպես ՀՀ նախագահ»,- նշեց Խուրշուդյանը:

 

Լրագրողների հարցին պատասխանելով` նա ասաց, որ եթե ՍԴ-ն որոշի չբավարարել հայցը, սա կլինի սահմանադրական իրավունքի հերթական խախտում եւ ժողովրդի կամքին հակառակ ինչ-որ միջոցառումների իրականացում, որն այս պահին նա չցանկացավ գնահատել: Խուրշուդյանը ասաց նաեւ, թե պետք է գնալ իրավական ճանապարհով, մինչեւ իրավական բոլոր հնարավորությունները սպառվեն երկրի ներսում: