Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն լուրերին, թե իբր իր եղբայրը ծեծել է Արտաշատի քաղաքապետին, որի աթոռի վրա, տղայի համար, աչք ունի Հովիկ Աբրահամյանը:
Աբրահամյանը նախ հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ ընդգծեց, որ հարցին արդեն անդրադարձել է հենց քաղաքապետը եւ հերքել:
Իսկ քաղաքապետի աթոռի վրա աչք ունենալու մասին էլ հայտարարեց. «Ինչ վերաբերում է քաղաքապետի աթոռի վրայի աչքին՝ տենց աչք չկա, տենց աթոռի վրա որեւէ մեկն էլ որեւէ աչք չունի, դրանք հերյուրանքներ են»:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մամուլում իր դեմ տրվող պատվերներին: Վստահեցրեց, որ պարապ մարդիկ զբաղված են պարապ գործերով:
«Լավ կլինի, որ եթե ժողովրդին օգուտ չեն կարողանում տալ, գոնե իրենց ջանքերն ու ֆինանսական միջոցները իրենց ընտանիքի վրա ուղղեն եւ փորձեն իրենց ընտանիքի բարեկեցությունը ավելի լավացնել: Պատվիրատուներին ուզում եմ ասել, որ այդ գումարները, որ բերում, պատվեր են տալիս իմ դեմ, թող դնեն իրենց ընտանիքի բարեկեցությանը հիմքը, որ իրենց ընտանիքն ամուր լինի, ի վերջո, ամուր ընտանիքն է ամուր պետության հիմքը»,-հայտարարեց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե անուններ կասի՞, մի՞թե չգիտի` ովքեր են իր դեմ պատվերներ տալիս, ԱԺ նախագահն արձագանքեց. «Որ իմանայի` կասեի, էլի, անունները, համարձակություն էլ չունե՞մ` ասել»:
Աբրահամյանը հայտարարեց, որ որեւէ մեկը թող ասի, որ ինքը որեւէ մեկի դեմ պատվեր է իջեցրել: ԱԺ նախագահը լրատվամիջոցներին կոռեկտության կոչ արեց, հորդորեց ճիշտ տեղեկատվություն տարածել: