Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նրանք, ովքեր գրում են Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթները, կարծում եմ, շատ լավ ուսումնասիրել են մեր ժողովրդի հոգեբանությունը: Համենայնդեպս, նրա վերջին ելույթները կառուցված են մեր ժողովրդի խղճի, ներողամտության, «ականջով սիրելու եւ զգալու» որակների վրա: Երեկ, լսելով 5 տարի նախագահի պաշտոնում աշխատած անձի սրտաբուխ խոսքն ու ժողովրդին ուղղված խնդրանքները՝ իրեն հնարավորություն տալ շարունակելու աշխատանքը, հասկացա, որ «սպիչմեյկերները» շատ լավ են աշխատել:
Ճիշտ ինտոնացիաներ, ազդեցիկ շեշտադրումներ եւ առավելագույն անկեղծություն՝ ահա թե ինչի վրա են կառուցել նախագահի ելույթները: Եվ դրանք, անշուշտ, իրենց էֆեկտը կունենան: Եվ որքան էլ որ մենք կոչ անենք ժողովրդին՝ չանսալ խոսքին, այլ առաջնորդվել գործով, միեւնույն է՝ խոսքը մոգական ուժ ունի: Այն էլ մեր տաքարյուն ժողովրդի դեպքում: Բայց այս ամենի մեջ այնուամենայնիվ կա մի բան, որն ինձ ուրախացնում է: Դա այն է, որ եւ իշխանությունը, եւ ինքը՝ նախագահը, որքան էլ որ իբր երկաթե համոզվածություն ունեն, թե 100-ից 80 են «խփելու», բոլորովին էլ վստահ չեն. այս ելույթները միանգամայն հակառակի մասին են խոսում: Եվ անգամ ուժեղ մրցակիցների թվացյալ բացակայության պարագայում, այնպես չէ, որ ընտրությունների ելքը կանխորոշված է:
Դա նաեւ վկայում է, որ ոչ մեկը, անգամ ամենաքարացած բռնակալը վախենում է ժողովրդից ու նրա զայրույթից եւ հասկանում է, որ բռնությունները, ճնշումները, վախի մթնոլորտը, խեղճությունը, ընտրակեղծիքների ամենակուռ մեխանիզմներն ու ընտրակեղծարարների ամենակուռ շարքերը, ադմինիստրատիվ հզոր լծակներն ու կաշառքի միլիոնավոր դոլարները երաշխիքներ չեն տալիս: Միակ ելքը սեփական ժողովրդի խղճին ապավինելն է: Ինչը եւ անում է ՀՀԿ թեկնածուն»,- կարդում ենք «Հրապարակ»-ի խմբագրականում: