Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Որքան էլ ես լավատեսորեն եմ տրամադրված, բայց քարոզարշավի կարեւոր փուլում դուրս մղվեցի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ թեեւ ինքն այն ժամանակ չուներ շեշտակի աճ, բայց կայուն աճ, այնուամենայնիվ, ուներ:
Նա անդրադարձավ իր կողմից ընդամենը մեկ օրվա ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու եւ դիմումը հետ վերցնելու փաստին եւ նշեց, որ իրականում ինքը դիմումը տալու պահին չի բացառել, որ այն հետ կվերցնեի, բայց դա ծրագրել է անել 3 օրվա ընթացքում: Իսկ դիմումը հանձնելու պահին պարզ է դարձել, որ դիմումը հետ վերցնելու համար ընդամենը մեկ օր ժամանակ ուներ:
Ընտրությունները չհետաձգելու իր վերջնական որոշումը Հայրիկյանը փորձեց բացատրել այն հանգամանքով, որ իր վրա կրակողների նպատակը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելը չէր, նրանք ավելի խորը նպատակներ են ունեցել, եւ Հայրիկյանն ինքը տեսնում է, որ մեզ մեր բնականոն հունից դուրս են հանում բավականին մութ ուժեր, ուստի չի ցանկացել այդ ուժերի ցանկություններին տուրք տալ:
Բացի այդ` Հայրիկյանը նշեց մեկ պատճառ եւս` Անդրիաս Ղուկասյանի հացադուլի հանգամանքը, որն ազդել է Հայրիկյանի որոշման վրա այնքանով, որքանով Ղուկասյանը չի պատրաստվում մինչեւ ընտրությունների վերջը դադարեցնել հացադուլը:
«Ու ստացվեց, որ մի հայ մարդ իմ պատճառով պետք է իրեն վտանգի ենթարկի. իմ խղճի վրա ես զգում էի այդ հարցի պատասխանատվությունը»,- հայտնեց Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա` քանի որ ընտրությունների հետաձգումը կամ չհետաձգումն իրենից էր կախված, ինքը վերջնական որոշում ընդունեց չհետաձգել, ու թող ով ինչ ուզում է մտածի դրա կապակցությամբ:
Հայրիկյանն անդրադարձավ նաեւ միասնական թեկնածուի մասին իր հրապարակած բաց նամակին եւ նշեց, թե կար առանձին-առանձին պարտվելու տարբերակ, եւ կար միասին հաջողության հասնելու տարբերակ: Եվ դրանով պայմանավորված էլ, նաեւ որ հեռախոսով չի կարողացել խոսել թեկնածուների հետ, Հայրիկյանը որոշել է հրապարակային խոսել, ինչին վերագրվեցին գաղտնի բանակցություններ, խոսակցություններ եւ այլն:
Հայրիկյանն իր այդ քայլի առնչությամբ համոզմունք հայտնեց, որ, միասնական թիմ կազմելով, հնարավոր էր առաջին փուլով հաղթանակով ավարտել ընտրությունները եւ մյուս թեկնածուների հետ միասին սկսել Հայաստանի բարեփոխումները: Այս հարցում հաջողության հասնելու կապակցությամբ նա նշեց, թե իրավիճակի` երեկվա մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռեւս այսօր-վաղը վիճակը փոխելու հնարավորություն կա:
«Միասնական թեկնածուի մասին ես խոսում էի որպես հարյուր տոկոսանոց հաղթանակի ճանապարհի, բայց այնպես էլ հաղթելու ճանապարհ կա»,- համոզմունք հայտնեց նախագահի թեկնածուն:
Հայրիկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ՍԴ դիմումը տալու ժամանակ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը` նշելով, թե դիմումը հանձնելուց առաջ է Սերժ Սարգսյանն այցելել իրեն, իրենք զրուցել են իր առողջական վիճակի մասին եւ չեն անդրադարձել քաղաքական հարցերին: Իսկ նախագահ այցելությանը Հայրիկյանը, իր հավաստմամբ, վերաբերվում է, որպես բազմաթիվ այցելություններից մեկին: Սերժ Սարգսյանն էլ ՍԴ դիմելու վերաբերյալ Հայրիկյանին ոչինչ չի ասել, քանի որ, վերջինիս խոսքերով, գիտի, որ Հայրիկյանին իր որոշումից հրաժարվել ստիպել չի կարող:
Ինչ վերաբերում է Հայրիկյանի` միասնական թեկնածուով ընտրություններին գնալու առաջարկի կապակցությամբ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը եւ Հայրիկյանին` իշխանության հետ համագործակցության համար մեղադրանքներին, ապա նախագահի թեկնածուն նշեց, որ այսօրվա թեկնածուների մեջ երկու հոգի կան, որ պաշտոն ունեն` Սերժ Սարգսյանն ու Բագրատյանը:
«Բան ու գործ չունե՞ս, Հրա’նտ: Բա դու ասում էիր` օպոզիցիոնե՞ր էիր»,- իր մրցակցին հեռակա կարգով դիմեց Հայրիկյանը:
Ապա հայտնեց, որ ինքը նոր Հրանտ Բագրատյան է բացահայտել ու տխրել, որովհետեւ վերջինս իր թիմակիցներին է դավաճանել` ի դեմս ՀԱԿ-ու Լեւոն Տեր-Պետրոսյանի:
Լրագրողների խնդրանքով Հայրիկյանը անդրադարձավ ՍԴ դիմելու իր որոշման դրդապատճառներին` նշելով, թե հիմնական պահն այն էր, որ եթե ինքն այդ պահին չտար դիմում, հետո չէր կարողանալու տալ: «Այսինքն` պետք էր հասարակությանն ակտիվացնել եւ ակտիվացրեցի»,- նշեց նա:
Դիմելու նպատակը ժամանակ շահելն էր, որպեսզի միասնական դաշտը կայանար, սակայն հետո տեսել է, որ եթե հետաձգի ընտրությունները, ապա «տեռորիստների» բոլոր ցանկությունները կիրականանան: «Հիմնական գործոնն ինձ համար այն էր, որ առաջին` ես գնում էի տեռորիստներին ընդառաջ, այդ ժամանակ այդ երկու շաբաթվա ընթացքում Աստված ոչ անի, մեռնում է Անդրիասը, եւ տեռորիստները հաղթում էին, եւ հաշվի առնելով եւս մի քանի նրբերանգներ` ես դիմեցի ու հետո հանեցի իմ դիմումը»,- պարզաբանեց Պարույր Հայրիկյանը: