Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը նախագահի այն 7 թեկնածուներից է, ով մինչեւ հունվարի 4-ը ԿԸՀ է ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Հայրիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է կարողացել մուծել 8 մլն դրամ ընտրագրավը: Ըստ նրա` գումարը հավաքել են ընկերները, գաղափարակիցներն ու պարզապես քաղաքացիներ:
Պարույր Հայրիկյանը մրցակից է համարում է բոլորին, գործող նախագահ Սերժ Սարգսյանին առանձնացնել չի ցանկանում:
«Երբ ես քաղաքական գործունեության մեջ եմ եղել, իրենք մի թիմ են եղել` Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, նրանք բոլորը միասին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, պայքարել են իմ դեմ, մեր ժողովրդի դեմ: Հիմա էլ իրարից առանձին-առանձին են իմ դեմ պայքարում, բայց ես իրենց պետք է հասկացնեմ, որ իմ դեմ պայքարել, նշանակում է պայքարել իրենք իրենց դեմ, լավ կլինի, որ միանան ինձ, եւ միասին պայքարենք ազգի, հայրենիքի համար»,- հայտարարեց Հայրիկյանը:
Իր հաղթանակը Պարույր Հայրիկյանն անիրատեսական չի համարում: Ըստ նրա` եթե անգամ Սերժ Սարգսյանը հաղթի, դա կլինի կարիերիստական հաղթանակ:
«Քաղաքական գործչի հաղթանակը պետք է լինի իր ծրագրերի հաղթանակը: Այսօր ինչպե՞ս կարելի է ինձ հաղթել, եթե ես խոսում եմ կատարյալ ժողովրդավարության մասին եւ շատ առարկայորեն: Եթե ես հաջողության չհասնեմ, իրենք բոլորը պարտվում են: Մեր ազգը կհաղթի, եթե ես հաջողության հասնեմ»,- վստահեցրեց Հայրիկյանը:
Ուշագրավ է, բայց Հայրիկյանը համամիտ է այն տեսակետին, որ այս ընտրությունները լինելու են ամենաոչմրցակցային ընտրությունները, բայց այս տեսակետի համար նախագահի թեկնածուն էլ ունի իր բացատրությունը:
«Իհարկե մրցակցություն չկա, բայց ես այնպես կանեմ, որ բոլորը զգան, որ ես իրենցն եմ: Սերժն էլ, Րաֆֆին էլ, Բագրատյանն էլ, ի վերջո, ի վիճակի են, չէ՞, վերլուծել պատմությունը, հասկանալ, թե ում հետ գործ ունեն, իրենք պետք է հասկանան, որ Հայրիկյանի նման նախագահ ունենալը արժեք է պետության համար»,- հայտարարեց նախագահի թեկնածուն:
Դիտարկմանը, թե այս ընտրությունների միակ ինտրիգը լինելու է այն, թե ով կգրավի երկրորդ հորիզոնականը, Հայրիկյանը հիշեց մի մանկավարժի խոսքեր, ով ասել է` թող սարսափեն բոլորը, ովքեր նույնիսկ առաջինը լինելու դեպքում պատմության մեջ կմնան երկրորդական: