կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 13:50
Հասարակություն

Հայտնի է ''Շանսոն''-ում հարսանքավորների թունավորման պատճառը

Հայտնի է ''Շանսոն''-ում հարսանքավորների թունավորման պատճառը

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 10-ին Արմավիրում գործող «Շանսոն» ռեստորանից 25-ից ավելի հարսանքավորներ՝ ծանր սննդային թունավորում ախտորոշմամբ, տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 15 հիվանդ հոսպիտալացվել է «Արմավիր», 6-ը` Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներ, 1-ը տեղափոխվել է Երևան` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ:

 

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդները փետրվարի 9-ին «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի մսով խորոված: Սննդի ընդունումից 3-4 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել թունավորման նշաններ: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, որովայնի կծկանքային ցավեր,վքնածություն: Թունավորման հավանական գործոնը սնունդն է, քանի որ բոլոր հիվանդներն օգտագործել են նշված միևնույն սննդատեսակները։ Բացի այդ`  վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:

 

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է: Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով տեղում ձեռնարկվել են հակահամաճարակային համալիր միջոցառումներ.

 

-ժամանակավորապես դադարեցվել է հանրային սննդի կազմակերպության գործունեությունը,

- օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ` թունավորման պատճառագիտությունը պարզելու նպատակով լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

 

Ներկայումս 21 հիվանդ դուրս է գրվել` լավացումով։ Դեռևս հսկողության տակ է գտնվում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ տեղափոխված հղին, ում վիճակը բավարար է: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Իրավիճակը վերահսկվում է։