Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք՝ առողջության տևական քայքայումով: Այսպիսի եզրակացության է հանգել դատաբժիշկը` դերասանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբներին տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դերասանը դաժան ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Թեեւ դերասանի մայրը մամուլով հերքել էր Մ.Սեդրակյանի ենթակաների կողմից իր որդուն ծեծելու հանգամանքը, այդուհանդերձ, դերասանի հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը հաստատվեցին: Դերասանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով`, ոստիկանությունը եզրակացությունը ստացել է շուրջ 1 ամիս առաջ` դեկտեմբերի 17-ին: Ըստ այդմ` Ս.Գրիգորյանը ստացել է գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, երկկողմանի կոնվեքսիտալ հիդրոմա՝ առանց գլխուղեղի ճնշման, տրավմատիկ նեյրոսենսոր ծանրալսության ձևով: Պատճառված վնասվածքի եղանակի մասին դատաբժիշկը ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ հավանաբար այն հասցվել է բութ, կոշտ առարկայով:
Ոստիկանությունում բացատրություններ են տվել նաեւ տուժողը եւ նրա մայրը: Դերասանը շարունակել է պնդել, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 29-ին` իրենց տանը ներքին հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ` փայտյա աստիճանից վայր ընկնելու հետևանքով, բայց Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել միայն դեկտեմբերի 1-ին: Դերասանը հերքել է ԶԼՄ-ների հաղորդումները, թե ինքը վնասվածքը ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով: ‹‹Այդ ամենը զրպարտություն է և չի համապատասխանում իրականությանը››,- հայտարարել է նա՝ հերքելով նաև, որ վնասվածքը կարող է ստացած լինել վթարի, հրելու կամ աստիճանից վայր գցելու հետևանքով:
Այդուհանդերձ, Արմավիրի մարզի դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները եւ ստուգել մամուլում նշված հանգամանքները: