Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգլիա. Փորձը հաղթեց փողին…
Անգլիայի պրեմիեր լիգայի 16-րդ փուլում տեղի ունեցավ ոչ միայն այս փուլի, այլ նաեւ ողջ մրցաշրջանի կենտրոնական ու կարեւորագույն հանդիպումներից մեկը` Մանչթերյան թիմերի դիմակայությունը: «Էտիհադ» մարզադաշտում գործող չեմպիոն «Սիթին» հյուրընկալել էր ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Յունայթեդին»: Առաջին խաղակեսը շատ լավ ընթացք ունեցավ հյուրերի համար: Երկու գնդակի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին, ու «Յունայթեդն» ընդմիջման գնաց մրցակցի նկատմամբ ունենալով երկու գնդակի առավելություն: Երկրորդ խաղակեսն անցավ էլ ավելի լարված պայքարում: Իրադարձությունները շատ արագ էին զարգանում: Նախ, խաղակեսի միջնամասում մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց ու չհաշվեց Էշլի Յանգի խփած մաքուր գնդակը` արձանագրելով խաղից դուրս վիճակ: Այդ դրվագից րոպեներ անց «Սիթիին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` Յայա Տուրեի խփած գոլի շնորհիվ: «Քաղաքաբնակները» հոգեբանական մեծ առավելություն ստացան ու շարունակեցին գրոհել, ինչն էլ տվեց իր արդյունքը: Խաղավարտի հիմնական ժամանակից 4 րոպե առաջ, անկյունայինի խաղարկումից հետո, հուժկու հարվածով հաշիվը հավասարեցրեց Պաբլո Սաբալետան: Վերջին րոպեներին, երբ հանդիպման լարվածությունն արդեն հասել էր գագաթնակետին, «Յունայթեդը» տուգանայինի իրավունք ստացավ: Պերսիի հարվածից հետո գնդակը դիպչելով Սամիր Նասրիին մի փոքր փոխեց ուղղությունը` ապակողմնորոշելով Ջո Հարտին, և հայտնվեց դարպասում: Դաշտի տերերն այլեւս ժամանակ չունեին կորցրածը ետ բերելու համար, ու «կարմիր հրեշները» անչափ կարեւոր հաղթանակ տարան: «Մանչեսթեր Սիթիի» պարտությունից օգտվեց «Չելսին», որը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Սանդերլենդի» նկատմամբ: «Ազնվականներից» երկու գոլ իր հաշվին գրանցեց Ֆերնանդո Տորեսը: Կարեւոր հաղթանակներ տարան նաեւ «Արսենալն» ու «Լիվերպուլը», որոնց շնորհիվ էլ ավելի մոտեցան առաջատար քառյակին:
Իսպանիա. Մեսին գերազանցում է Մյուլերի ռեկորդը
Իսպանական լա լիգայի հերթական փուլում «Բետիսը» հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»: Ակումբն այս մրցաշրջանում բավական լավ տեսք ունի, եւ նույնիսկ կարողացել է պարտության մատնել Մադրիդի «Ռեալին», սակայն այդ սխրանքը առաջատարների դեմ խաղում կրկնել չհաջողվեց: Ճիշտ է, կատալոնացիները շատ ուժեղ դիմադրության հանդիպեցին, բայց կարողացան խաղադաշտը լքել հաղթանակած` Լեո Մեսիի գոլերի շնորհիվ, ով կարողացավ շրջանցել գերմանացի Գերդ Մյուլերի ռեկորդն ու ընթացիկ տարում խփել 86 գնդակ: Մեսիի երկու գոլերին դաշտի տերերը կարողացան պատասխանել միայն մեկով: Բարդ ստացվեց նաեւ «Ռեալի» հաղթանակը, որը հյուրընկալվել էր «Վալյադոլիդին»: Խաղի ընթացքում երկու անգամ պարտվելիս, այդուհանդերձ, «արքայական» ակումբը կարողացավ վերջնական հաղթանակի հասնել 3-2 հաշվով: Մեկ գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, իսկ մյուս երկուսինը` Մեսութ Օզիլը: Մադրիդյան մյուս ակումբը` Մադրիդի «Ատլետիկոն», նախորդ փուլում «Ռեալից» կրած պարտությունից հետո, տանը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Դեպորտիվոյի նկատմամբ: Մադրիդցիները վեց անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, որոնցից հինգն իր հաշվին գրանցեց Ռադամել Ֆալկաոն` կրկին անգամ իր վրա սեւեռելով բոլորի ուշադրությունը:
Իտալիա. «Ինտերը» կրկին երկրորդն է
Իտալական Ա սերիայի 16-րդ փուլում, միմյանց հետ ուժերը չափում էին համապատասխանաբար երրորդ ու երկրորդ տեղերում ընթացող թիմերը` «Ինտերն» ու «Նապոլին»: «Սան Սիրո» մարզադաշտում ընթացած հանդիպումն ավարտվեց տան տերերի հաղթանակով` 2-1 հաշվով, եւ միլանյան ակումբը կրկին բարձրացավ երկրորդ հորիզոնական: Առաջատարը` «Յուվենթուսն» այս անգամ հյուրընկալվելիս ոչ հեշտ մրցապայքարում նվազագույն հաշվով առավելության հասավ «Պալերմոյի» նկատմամբ: «Բիանկոներիների» կազմում այդ միակ գնդակը խփեց եզրային պաշտպան, ավստրիացի Ստեֆան Լիխշտայները: Անկայուն մրցելույթներով աչքի ընկնող «Միլանն» արտագնա խաղում ուժեղ գտնվեց «Տորինոյից»: Գոլառատ հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով: Նույն հաշվով ավարտվեց նաեւ «Ռոմա»-«Ֆիորենտինա» մրցավեճը, որտեղ փայլեց «ջալոռոսների» առաջատար ու դրոշակակիր Ֆրանչեսկո Տոտին` դառնալով երկու գոլի հեղինակ:
Գերմանիա. Չեմպիոնի անունը կարծես թե պարզ է
Բունդեսլիգայում ավարտվեց 16-րդ փուլը, սակայն Մյունխենի «Բավարիան» արդեն շատ մոտ է չեմպիոնական տիտղոսին: Առաջատարներն ընթացիկ մրցաշրջանում պարտվել են ընդամենը մեկ անգամ ու երկու ոչ-ոքի են անցկացրել, մնացած բոլոր հանդիպումներում հաղթել են: Իսկ ահա մյունենցիների մրցակիցներ ռուրյան երկու ակումբները` «Բորուսիան» ու «Շալկեն», չեն դադարում միավորներ կորցնել: Առաջինը, որը համարվում է չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը, «Սիգնալ Իդունա» մարզադաշտում պարտվեց «Վոլֆսբուրգին» 3-2 հաշվով: Նույն հաշվով պարտություն կրեց նաեւ երկրորդ հորիզոնականում ընթացող Լեվերկուզենի «Բայերը»: Իսկ ահա «Բավարիան» հանգիստ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ` մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ: Այս պահին առաջատարներն ունեն 41 միավոր` 11 միավորով ավելին, քան երկրորդ տեղում գտնվող «Բայերը», եւ դժվար է պատկերացնել, որ մյունխենցիները հետագայում ձեռքից բաց կթողնեն իրենց հսկայական առավելությունը:
Ֆրանսիա. Մարսելը կրկին սայթաքում է
Ֆրանսիայի առաջնությունում փուլից փուլ ավեի պարզ է դառնում, թե որ թիմերն են պայքարելու չեմպիոնության ու մրցանակային տեղերի համար: Ինչպես եւ սպասվում էր, մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում կլինեն Լիոնի «Օլիմպիկը», «Պարիս Սեն Ժերմենն» ու «Մարսելը»: Դեռեւս վստահորեն առաջ է շարժվում «Լիոնը», որն այս փուլում շատ սկզբունքային խաղում կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել «Սենտ Էտիենի» նկատմամբ: «ՊՍԺ»-ն նույնպես վստահ հաղթանակ տարավ` սեփական հարկի տակ ջախջախելով ետնապահներից մեկին` «Էվիանին»: Իր հաշվին հերթական գոլը գրանցեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Երկրորդ փուլում անընդմեջ սայթաքեց Մարսելի «Օլիմպիկը», անսպասելիորեն 3-0 հաշվով սեփական հարկի տակ զիջելով «Լորիանին»: Այժմ «Լիոնը» 34 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «ՊՍԺ»-ն ու «Մարսելը» 29-ական միավորով ընթանում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում: