կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 14:18
Մշակույթ

Փո՞ղ, թե՞ երջանկություն

Փո՞ղ, թե՞ երջանկություն

Նոյեմբերի 15-ին եւ 16-ին` ժամը 19-ին, Համազգային թատրոնում երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանի բեմադրմամբ կներկայացվի «Վոյցեկ» մյուզիքլը: Ա. Մակարյանը նշեց, որ մյուզիքլն արդիական է, քանի որ մեր հասարակությունում դասակարգային բեւեռվածությունը հասել է գագաթնակետին:

 

«Լինելով միջին դասի ներկայացուցիչներ` պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել ցածր դասի մարդկանց»,- հենց այս մասին էլ բեմից պատրաստվում է բարձրաձայնել 30 հոգանոց անձնակազմը:

 

«Բեմին կանգնում ենք ոչ թե աշխատանքի, այլ մարդկանց սեր փոխանցելու համար»,- ասում են երիտասարդ դերասանները:

 

Ռեժիսորի դիտարկմամբ` երեք կոպեկով էլ մարդը կարող է երջանիկ լինել, եթե նրան չխանգարի հասարակությունը` չստացված կյանքի նկատմամբ ունեցած չարությամբ: Ա. Մակարյանը հավաստիացրեց, որ ներկայացման միասնական եւ հզոր մթնոլորտը կստիպի հանդիսատեսին անջատել բջջայինը ներկայացումը սկսելուց 5 րոպե հետո. «Նախապես դրա մասին զգուշացնելը հանդիսատեսին բթացնում է եւ մատնում անտարբերության»:

 

Ներկայացման գլխավոր հերոսը շատ քիչ փող ունի, սակայն անում է ամեն ինչ, որպեսզի կնոջը տա առավելագույնը: Մինչդեռ կինը շեղվում է ճիշտ ճանապարհից` ընկնելով հարստության ետեւից, բայց, վերջ ի վերջո, հասկանում է, որ հարուստները չեն կարող իրեն նվիրել ամուսնու տված ամբողջականությունը:

 

Կնոջ դերակատարուհու` Շողեր Գրիգորյանի խոսքերով, այդ գերմանուհին /կերպարը/ իր կյանքն է ապրում ` տրվելով նրան, ում ցանկանում է. «Սակայն նրա կերպարը ողբերգական է, քանի որ նա չի համակերպվում այն կյանքի հետ, որն ինքն է իր գլխին սարքել»: Ներկայացման վերջում կինը մնում է չորս պատի ներսում:

 

«Վոյցեկը» կուղեկցվի կենդանի նվագակցությամբ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ