Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրեն արմատական ընդդիմություն հորջորջող ՀԱԿ-ին բացարձակապես չի հետաքրքրում երկրի եւ ժողովրդի ճակատագիրը: «ՀԱԿ-ը բացարձակապես տոգորված չէ` երկրում քարը քարի վրա դնելով, երկրին սպառնացող մարտահրավերներին դիմագրավելով, ուստի այդ մարդիկ զբաղված են այն գործով, որին ընդունակ են` խառնել մարդկանց գիտակցությունն ու բորբոքել նրանց ուղեղները, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամը ենթարկեցնել իրենց նեղ կուսակցական եւ դրսից պատվիրված խնդիրների լուծմանը»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
- Պարո'ն Գեղամյան, եթե տեղյակ եք, այսուհետ, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ոչ այժմեական համարելով, ՀԱԿ-ը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին էլ պատրաստվում է հասնել «ժողովրդին մոբիլիզացնելու ճանապահով»: Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ին, իրո՞ք, կհաջողվի այդ աստիճան մոբիլիզացնել ժողովրդին եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:
-ՀԱԿ-ն ի զորու է երկու-երեք տասնյակ վրաններ տեղադրել օպերայամերձ հրապարակում, անօթեւան մարդկանց բերել, հասցնել քաղաք, ապահովել 3-անգամյա սնունդով: Եվ, այո, այդ մարդկանցով ի զորու է նման հարցադրումներ անել, որովհետեւ նրանց երեւակայությունն արդեն այդ վրաններում ապրող մարդկանցից այն կողմ չի տարածվում:
- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլեկտրոնային պարբերականներից մեկին տված հարցազրույցում հավաստիացրել է, թե 8-օրյա հանրահավաքներից հետո իրենք հաղթող եւ շահող դուրս եկան...
- Շնորհավորում եմ իրենց այդ «փառահեղ հաղթանակի» կապակցությամբ եւ ցանկանում եմ նորանոր հաղթանակներ` հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի մաքրման: Կարծում եմ` այսուհետ, բանականություն ունեցող յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ ՀԱԿ-ն իր կարգախոսներով երկիրը տանում է փակուղի: Այնպես որ` ՀԱԿ-ը հաղթել է այն առումով, որ մեզ արդեն գործ չի թողել: ՀԱԿ-ը, բացի ճղճիմ բղավոցներից, ներքին բորբոքումներից, ոչ մի շինիչ աշխատանքի ընդունակ չէ, դա, ինչ խոսք, ՀԱԿ-ի համար մեծ հաղթանակ է: Ինձ պետք էր 1991թ.-ից ասել, որ ապակառուցողական ուժ են, բայց, ավաղ, ես այնպիսի արդյունքներ եւ հաղթանակներ չգրանցեցի դա ապացուցելու համար, ինչն իրենք 2-3 տարում կարողացան ապացուցել:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեիք նոր խորհրդարանում հայտնվելու` ՀԱԿ-ի շանսերը:
- Եթե իշխանությունները չխոչընդոտեն, թողնեն, որ ՀԱԿ-ը շարունակի իր գործողությունները, ապա այդ հարցն էլ մեկընդմիշտ կվերանա, այսինքն` նրանք չեն հայտնվի խորհրդարանում: Բայց ես չեմ չարախնդում, խորը ափսոսանքով եմ սա արձանագրում, քանի որ ՀԱԿ-ում կան երկրի համար պիտանի բավականաչափ հայրենասեր մարդիկ, որոնց մոլորության եւ մոլորվածության շրջանը բոլորեց 4 տարին: