Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել էր մայրաքաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի հասարակական քննարկում, որին մասնակցում էին հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ անկախ փորձագետներ:
Ինչպես նշված էր օրակարգում, քննարկմանը պետք է մասնակցեր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, սակայն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն ասաց, թե «ավելի կարեւոր միջոցառումներ ունենալու պատճառաբանությամբ» Երեւանի գլխավոր ճարտարապետը չի ներկայացել քննարկմանը:
Քննարկմանը մասնակցում էին քաղաքապետարանի քաղաքաշինության ու տրանսպորտի եւ ճարտարապետության վարչությունների պետերը:
«Գլխավոր հատակագծում էական փոփոխություններ չեն եղել, այն քաղաքի տնտեսական զարգացման տարածական պլանավորումն է»,- ասաց «Երեւաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը:
Նա հավելեց, որ հատակագծում տեղ են գտել տրանսպորտային երթուղիների, քաղաքի հողային ռեսուրսների, կանաչ տարածքների փոփոխություններ, ինչպես նաեւ ճանապարհափողոցային նոր սխեմաներ:
Լրագրողների հետ զրույցում Ս. Օհանյանը նշեց նաեւ, որ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ հյուրանոց կառուցելու խնդիրը դուրս է մնացել հատակագծի մշակման շրջանակներից:
Ճշգրտման աշխատանքները ցույց են տվել, որ գլխավոր հատակագծի մշակման ու իրացման համակարգը կատարելագործման անհրաժեշտության ունի: Գլխավոր հատակագծի ճշգրտումները կատարվել էին անցած 6 տարիների համար: Քննարկման արդյունքները կամփոփվեն եւ առաջարկները կներկայացվեն «Երևաննախագիծ» ինստիտուտին:
Տաթեւիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ