| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով` դեմպինգ իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի մամուլի ծառայությունը, իրենց ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ այս ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ անհիմն կերպով բարձրացրել է գինը:
Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, այսինքն` ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար:
Համաձայն ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի` լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով` ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել հակառակ քաղաքականությունը. նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով եւ գերշահույթներ կորզել սպառողներից:
Ի դեպ, պարզվել է նաեւ, որ ապրանքի ձեռքբերման եւ վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:
«Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է նաև հետևյալ ապրանքային շուկաներում՝ սառեցրած ձկներ, ներկրվող սառեցված միս եւ բրինձ: