կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 14:19
Քաղաքական

Արցախյան հարցում շարունակվում է "երեւանյան անսկզբունքայնությունը"

Արցախյան հարցում շարունակվում է "երեւանյան անսկզբունքայնությունը"

Արցախյան հիմնահարցի վերաբերյալ որեւէ համապարփակ հայեցակարգ, գործողությունների հստակ ծրագիր մինչ օրս չկա. այսօր Արցախի անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Եթե մարդը ճանապարհ է ընկնում, նա պետք է ձեռքին ունենա ուղեցույց-գործիք, ունենա նպատակ, եւ իմանա, թե ինչ ռեսուրսներով ու մեթոդներով է հասնում այդ նպատակին: Այն մեթոդները, որոնցով միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացնում է Արցախի հիմնահարցը, խեղաթյուրում են բուն պատկերը եւ տանում են բոլորովին այլ ճանապարհով»,- նշեց պատգամավորը:

Հայեցակարգի անհրաժեշտությունը կարեւորեց նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նրա խոսքով` մեր դիվանագիտությունն ավելի ակտիվ պետք է լինի եւ մշակված հայեցակարգ ունենա` բանակցություններում լուրջ հաջողությունների հասնելու համար:

«1992թ., երբ միջազգային ատյաններում բարձրացվեց Արցախի հարցը, պետք է քննարկման առարկա դարձնեինք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը: Բայց մենք ամեն անգամ սովոր ենք պաշտպանվել, իսկ երբ նախահարձակ պետք է լինենք, այդ նախահարձակությունը մոռանում ենք»,- նշեց պատմաբանը` բանակցությունների գործընթացում կարեւորելով նաեւ Արցախի մասնակցությունը, որն անհրաժեշտ է համապարփակ եւ ընդգրկուն հարցեր քննարկելու եւ լուծելու համար:

Նրա փոխանցմամբ` կազանյան հանդիպումից հետո բանակցությունները որոշակի փակուղի են մտել, եւ Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս սպառնալիքների, պատերազմի սանձազերծման դիրքերից` մոռանալով, որ այդ ահաբեկչությունը ոչ մի բան տալ չի կարող, եւ դա պարզապես շանտաժի միջոց է:

Լարիսա Ալավերդյանը եւս նշեց, որ իր համար առնվազն զարմանալի է, երբ Ադրբեջանը բանակցություններին մասնակցում է որպես պահանջատեր, մինչդեռ պետք է ընդամենը պատասխանող կողմ լիներ իր գործած հանցագործությունների համար, իսկ մենք մեր դիրքորոշումով մեզ դրել ենք այնպիսի մի վիճակի մեջ, որ Ադրբեջանը դեռ սպառնում է պատերազմի վերսկսմամբ:

Պատգամավորը նաեւ նշեց, որ իր համար անընդունելի է այն պասիվությունը, որը ցուցաբերում է ԱԺ-ը` որպես քաղաքական մարմին, եւ մի քանի անգամ խոչընդոտել է ԼՂ հարցով կարեւոր նախաձեռնությունները, որոնցից մեկի հեղիանակներից էլ անձամբ ինքն է. «Ի՞նչն է խանգարում ԱԺ-ին մեծ օրակարգում ունենալ ճանաչման մասին նախագիծը, եթե մեծամասնությունը համարում է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը հենց պատերազմ սկսվի: Մենք, ինչ է, հրավիրում ենք պատերազմի՞»:

Լարիսա Ալավերդյանը նաեւ հավելեց, որ իր համար այն բոլոր, շատ անգամ, հրաշալի ելույթները, որ ունենում են պետական գործիչները, մասնավորապես` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որեւէ արժեք չեն ունենալու մինչ այն պահը, մինչեւ ժողովուրդը չտեսնի, որ ռեալ քաղաքականության մեջ փոփոխություն է մտցված:

«Բոլորին ասեք, որ Լարիսա Ալավերդյանը սա կոչում է «երեւանյան անսկզբունքայնություն»: Մենք մեզ տանում ենք մի փակուղի, որից դժվար թե դուրս գանք»,- ամփոփեց պատգամավորը: