կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 16:48
Հասարակություն

Եկեղեցուն ժողովրդի օգնությունն է հարկավոր

Եկեղեցուն ժողովրդի օգնությունն է հարկավոր

Հայաստանում այսօր կան 67 գրանցված կրոնական կազմակերպություններ. այսօր լրագրողների հետ «Աղանդավորները եւ Հայաստանում աղանդների գործունեության հետեւանքները» թեմայով զրույցի ժամանակ տեղեկացրեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Ըստ նրա` այդ կազմակերպություններից 10-ը պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն, 6-ը` ավանդական եկեղեցիներին` կաթոլիկներ, ուղղափառներ, իսկ մնացածը նոր կրոնական կառույցներ են` աղանդները:

Իսկ Սբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Շմավոնը հավելեց, որ Հայ Առաքելական եկեղեցուն կից կազմակերպությունները աղանդավորական չեն համարվում, քանի որ եկեղեցու գաղափարախոսության կրողներն են:

Ա.Ամարյանը նշեց, որ 5 տարվա ընթացքում կարողացել են ամենաշատը 15 մարդու ճիշտ ուղու վրա կանգնեցնել, քանի որ 1 մարդուն «բուժելու» համար հարկավոր է 2-7 տարի և մեծ ֆինանսներ, որոնք իրենք չունեն:

«Վերջերս մի նոր կրոնական կազմակերպություն է հայտնվել «Աթա Այաթ», որն իբր  ինքնահրկիզմամբ բուժում է մարդկանց: Այս կազմակերպությունը ծնունդ է առել Ղազախստանում»,- նշեց բանախոսը եւ հավելեց, որ մոտավոր հաշվարկներով աղանդավորական կազմակերպությունները տարեկան 1 միլիոն դոլար եկամուտ են ստանում:

Իսկ Տեր Շմավոնն ընդգծեց, որ Հայ եկեղեցու միակ մեղավորությունը միայն ու միայն հոգևորականի պակասն է: «3000-5000 բնակիչ ունեցող գյուղի համար 1 քահանան քիչ է: Նա 1 տարվա ընթացքում ծայրը ծայրին հասցնելով է կարողանում ամբողջ բնակչություն հետ շփվել, իսկ Երևանի համար ունենք 25-30 հոգևորական: 30 հոգին 1 միլիոնի համար ի՞նչ կարող են անել: Այսօր եկեղեցին ունի ձեր կարիքը, ուրեմն օգնեք նրան»,- կոչ արեց քահանան: