Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ պաշտոնապես ներկայացրեց Լոռու մարզպետ նշանակված` Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին, նրան արդյունավետ աշխատանք մաղթեց նոր պաշտոնում, իսկ արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանին շնորհակալություն հայտնեց կառավարության անունից` 5 տարի մարզը ղեկավարելու համար:
«Բավականին դժվար տարիներ են եղել»,- ասաց Ա. Գևորգյանը, ինչին համաձայն է նաեւ Քոչարյանը, սակայն, ըստ նրա, դրանք իր կյանքի լավագույն տարիներն են եղել:
«Ես ամաչելու որևէ առիթ չունեմ: Այս ընթացքում որևէ մեկի ճակատագրի հետ չեմ խաղացել»,- հայտարարեց նա `հավելելով, որ մամուլում շահարկված բոլոր լուրերն իր հրաժարականի մասին չեն համապատասխանել իրականությանը, ինքը պարզապես առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ավելի լավ է զգում իրեն, բայց բժիշկը խորհուրդ է տվել ծանրաբեռնված չաշխատանքել:
«Ի վերջո, պահ է գալիս, որ մարդ զգում է` իր մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուժերը չեն հերիքում: Հիմնական պատճառը սա է, ուրիշ բան մի փնտրեք»,- ասաց նախկին մարզպետը:
Նա բացառեց, որ ԱԺ առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի, բայց գործարար ոլորտում գուցե իրեն փորձի: «Ուզում եմ մեկ-երկու ամիս հանգստանալ: Առայժմ չեմ որոշել ինչ եմ անելու, բայց մենք դեռ շփվելու առիթներ կունենանք,- լրագրողներին վստահեցրեց Ա. Քոչարյանը:- Ես չեմ հեռանում ո'չ քաղաքական, ո'չ որևէ ասպարեզից: Ժամանակն էր տեղը զիջել ավելի առողջ, աշխատունակ կադրի: Սա առողջ սերնդափոխության լավագույն օրինակ է: Լացուկոծով էլ չեմ գնում, լավ տրամադրություն ունեմ, հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես ամեն ինչ գիտակցում ու հասկանում եմ»:
Նոր մարզպետի հետ կապված` փոխվարչապետն ասաց, թե կարևորն այն է, որ նա մարզը լավ գիտի, տիրապետում է հարցերին, կարիք չկա ծանոթանալ իրավիճակին, հասկանալ խնդիրները:
«Ես ուզում եմ հավաստացնել բոլորիդ, հատկապես` նախագահին, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս վստահությունը դեպի ինձ արդարացնեմ»,- կարճ խոսեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Աննա Պեչենևսկայա