Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու` իշխանության աշխատանքային խմբի անդամներն արդեն հայտնի են: ՀՀԿ-ից պատվիրակության կազմում ընդգրկված են Գագիկ Մինասյանն ու Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից`Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն աշխատանքային խմբում կընդգրկի Մհեր Շահգելդյանին եւ Խաչիկ Հարությունյանին:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է երկխոսությանը եւ գիտի դրա արժեքը: Նա նշեց, որ դեռ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ երկրում հեղափոխական իրավիճակ էր, եւ կար ներքաղաքական լարվածություն, ՕԵԿ-ն ընդունեց նախագահի` երկխոսության կոչը` հանուն նրա, որ երկրում տեղի չունենա քաղաքական պատերազմ եւ արտաքին ագրեսիա: «Այս առումով մենք կարեւորում եւ ողջունում ենք երկխոսությունը եւ վստահ ենք, որ այս երկխոսությունը եւս իր դրական հետեւանքները կունենա մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա»,- նշեց Հ. Բիշարյանը:
Ըստ նրա` կարեւորը երկխոսության բովանդակությունն է եւ այն կարեւոր խնդիրները, որոնք պետք է քննարկվեն: «Ձեւը չէ, որ կարեւոր է, բայց քանի որ ՀԱԿ-ի կողմից նաեւ ձեւի մասին է եղել խոսակցություն, մենք որոշեցինք, որ ձեւի եւ բովանդակության ներդաշնակության շրջանակներում տեղի ունենա այդ երկխոսությունը»,- պարզաբանեց պատգամավորը:
Նրա խոսքերով` երկխոսության խմբերի ձեւավորումից հետո 10-օրյա ժամկետում տեղի կունենան կլոր սեղանի առաջին քննարկումները եւ կորոշվի օրակարգի բովանդակությունը: «Օրակարգի ցանկացած խնդիր պետք է առնչվի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, եւ որեւէ հարց այդ շրջանակից դուրս չի մնա»,- հավելեց Հ.Բիշարյանը: