կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 11:21
Հասարակություն

Պետության ֆինանսավորման ծավալները կպահպանվեն

Պետության ֆինանսավորման ծավալները կպահպանվեն

Այս տարի պետության կողմից բուհերին տրամադրվող ֆինանսավորումը  պահպանվելու է` անկախ նրանից, թե որքան ուսանող է ընդունվելու այս կամ այն բուհ. այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այդ քայլով նախարարությունը կաջակցի բարձրագույն ուսումնական հաստատություններին, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում նրանք հնարավորինս զերծ մնան զանգվածային կրճատումներից:

«Պարզ ասած` եթե մենք Երեւանի պետական համալսարանին հատկացրել ենք 500 տեղ եւ այդ տեղերի հաշվով ֆինանսներ ենք նախատեսել, ապա, անկախ նրանից, 100 հոգի կընդունվի ԵՊՀ, թե 300, մենք կտրամադրենք իրենց համար նախատեսված գումարը, որպեսզի բուհերը կարողանան պահպանել իրենց պրոֆեսորադասախոսական կազմը, զերծ մնան զանգվածային կրճատումներից, որ կրթության որակի վրա այս խնդիրը շրջադարձային կամ կտրուկ ազդեցություն չունենա»,- նշեց նախարարը: