կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 20:47
Իրավական

Գոնե "աչալրջորեն" հետեւո՞ւմ եք

Գոնե "աչալրջորեն" հետեւո՞ւմ եք

Մենք անդրադարձել էինք Այվազովսկու փողոցի սկզբնամասում` Էրեբունի թանգարանի հարեւանությամբ, թալանված եւ անտերության մատնված «Միցուբիշի» մակնիշի 16 ՕՕ 810 պետհամարանիշի ավտոմեքենային: Թալանողները չեն զլացել  մեքենան բարձրացնել աղյուսների վրա ու տանել անիվները` ավտոմասերը թափթփելով մեքենայի տակ: Բաց է նաեւ վարորդի կողքի պատուհանը:

Մեջբերել էինք նաեւ տարածքում հաճախ եղող մարդկանց վկայությունները՝ երկու շաբաթվա ընթացքում մեքենայի անհայտ տիրոջ եւ օրենքի «աչալուրջ» պահապան ոստիկանների անուշադրության վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր մեր «ուշադրությունը» հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենք դեռ հունիսի 14-ին են անդրադարձել դեպքին: Պարզել են, որ մեքենայի սեփականատեր Հասմիկ Գ.-ն հիվանդանոցում է, իսկ մեքենան թալանել են հունիսի 11-ի ժամը 22.00-ից մինչեւ հունիսի 14-ի ժամը 10.10-ն ընկած ժամանակահատվածում` տանելով անիվներն ու ձայնագրիչը` սեփականատիրոջը պատճառելով 130.000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է հարուցում: Նախ, եթե թալանի կապակցությամբ հետաքննություն է անցկացվում, այդ դեպքում ինչո՞ւ է մեքենան գտնվում հենց փողոցի մեջտեղում, այլ ոչ թե տուգանային հրապարակում: Ամեն դեպքում, հետաքննվող մեքենայի տեղը փողոցի մեջտեղը չէ:

Երկրորդ, եթե անցկացվում է հետաքննություն, ոստիկանությանը, հավանաբար, անհրաժեշտ են բոլոր դետալները: Ինչո՞ւ են այդ դեպքում ավտոմասերը թափված մեքենայի տակ:

Եվ, վերջապես, վարորդի պատուհանը բաց է, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող են հանել ու տանել, ասենք, նստատեղերը, փոխանցման տուփը, շարժիչն ու մյուս պարագաները: Հնարավոր է, չէ՞:

Մեքենային «աչալրջորեն» հետեւող ոստիկաններն ի՞նչ են պատասխանելու Հասմիկ Գ.-ին, երբ նա հիվանդանոցից դուրս գրվելիս պարզի, որ փողոցի մեջտեղում մնացել է միայն իր մեքենայի կմախքը: