կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 10:20
Առանց Կատեգորիա

Քաղաքական աղբանոց

Քաղաքական աղբանոց

Հայաստանյան քաղաքական դաշտի չկայացման ամենալուրջ պատճառներից մեկն էլ այն է, որ աղբն այնտեղ որակ է կազմում: Այս աղբակույտը ձեւավորում են ոչ միայն դաշտում հայտնված դուրսպրծուկները, այլեւ անդեմների ու զոմբիների հսկայական զանգվածը, այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք, չունենալով կայուն արժեհամակարգ, սկզբունքներ ու գաղափարական հենք, քաղաքականությունն ընկալում են կենցաղային հարաբերությունների մակարդակով:

Գարշահոտը տարածվում է նաեւ նրանց «գործունեությունից», ովքեր երկկենցաղի կյանք վարելը դարձրել են կենսակերպ, և քծնանքը վերածել քաղաքական կատեգորիայի: Այս մթնոլորտում չի կարող լինել առողջ երկխոսություն, իսկ վերջինս էլ չի կարող հանգեցնել քաղաքական միջավայրի հստակեցման, որովհետեւ մոլախոտային այդ տեսակն այնքան է տարածվել, որ օդից զրկել է ողջ շրջապատը, ապականել մթնոլորտը եւ փաստացի անհնար դարձրել առողջ քաղաքական հարաբերությունների ստեղծումն ու ծավալումը:

Այսպիսի վիճակում անգամ ամենադրական նպատակներ հետապնդող գործընթացները դատապարտված են տապալման, որովհետեւ դրանում ներգրավված այս տեսակը ոչ թե խնդիրների լուծում է փնտրում, այլ սեփական տեղն արեւի տակ պահելու, իսկ պատեհ առիթի դեպքում նաեւ մյուսներին տարածությունից զրկելու խնդիր է լուծում: Եվ այս միտումն ավելի զգալի է հիմա՝ ընտրությունների նախօրյակին: