կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-21 19:23
Արցախ

Մեզ կարող են ոչնչացնել, բայց առանց մեզ ոչինչ չեն կարող որոշել

Մեզ կարող են ոչնչացնել, բայց առանց մեզ ոչինչ չեն կարող որոշել

«Մեզ կարող են ոչնչացնել, բայց առանց մեզ ոչինչ չեն կարող որոշել»,- հայտարարեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը՝  Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Հայաստանի եւ ԼՂՀ լրագրողների մասնակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա` ներկայումս հիմնական խնդիրը ԼՂՀ փաստացի ճանաչումն է եւ բանակցային գործընթացը, որին ղարաբաղյան կողմն այս փուլում չի մասնակցում, բայց տեղյակ է այն ամենին, ինչ կատարվում է։

Հարցին, թե ղարաբաղյան կողմը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ բանակցային գործընթացի վրա, նախարարը պատասխանեց. «Ղարաբաղը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ ոչ մի լուծում չի կարող ընդունվել առանց նրա։ Կարծում եմ` դրանով իսկ արդեն ազդում է գործընթացի վրա»։

Շարունակելով թեման` նա նշեց, որ ղարաբաղյան կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է բանակցություններին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: «Մի ակնհայտ բան կա՝ միջազգային փաստաթղթերում, որոնք վերաբերում են Ղարաբաղին, ընդունվել եւ նշվել է, որ ԼՂՀ-ն հակամարտության կողմ է։ Եվ եթե մենք` որպես հակամարտության կողմ, հնարավորություն ունեինք կանգնեցնել պատերազմը եւ ստորագրել դրանց տակ, ապա իրավունք ունենք ապագա կառուցել, այն էլ` խաղաղ»,- հայտարարեց Գ. Պետրոսյանը։

«Երկիր»-ի հարցին, թե ընդունելի՞ են, արդյոք, Կազանում իբր ընդունվելիք փաստաթղթի կետերը, որոնց հիմքում մադրիդյան սկզբունքներն են, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում որ դա արժե դիտել որպես փաստաթուղթ, քանի որ բավականին հստակ այդ ինֆորմացիայում նշվել է, որ դա դեռեւս 2007-ից է։ Եվ այդ ժամանակից մինչ օրս շատ ջրեր են հոսել։ Երկրորդ՝ բավականին հստակ մեր դիրքրոշումն այդ կապակցությամբ հայտնել ենք նաեւ համանախագահներին»:

Նախարարը հայտարարեց նաեւ, որ Ադրբեջանի հետ նստելով բանակցությունների սեղանի շուրջ պատրաստ են քննարկել բոլոր հարցերը, այդ թվում` տարածքային, փախստականների վերադարձի, բայց հավասար պայմաններով։ «Ղարաբաղը պետք է իր ճակատագրին վերաբերող հարցերն ինքը լուծի»,- եզրափակեց նա։