կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-25 03:51
Քաղաքական

Ժողովուրդը մերժում է դեդլայնը մեկ-երկու անգամ անցած գործիչներին

Ժողովուրդը մերժում է դեդլայնը մեկ-երկու անգամ անցած գործիչներին

Եթե ՀԱԿ-ը գնում է ապագայում ներկայիս իշխանության հետ համատեղ իշխանություն դառնալու ճանապարհով, ապա դա ծայրահեղ ծանր հետեւանք կարող է ունենալ իր համար, որովհետեւ հայ ժողովուրդը մեկընդմիշտ մերժում է դեդլայնը մեկ-երկու անգամ անցած գործիչներին. այսօր նման տեսակետ հայտնեց ԱԺ անկուսակցական պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա նշեց, որ այն գործիչները, որոնք այդ դեդլայնն անցել են, հետադարձ ճանապարհ չունեն:

Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ խառը ժամանակաշրջանում ենք ապրում, եւ ստեղծված իրավիճակում ինչ-որ պայմանավորվածություններ պահելը արտաքին ճնշումների արդյունք է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ներքաղաքական դաշտում ամեն ինչ նորմալ, բնականոն հունով է ընթանում. իշխանությունը` որպես կառավարող, իրականացնում է իր առջեւ դրված գործառույթները, եւ որեւէ արտառոց բան չկա այն թեզի մեջ, որ կձեւավորվի երրորդ կամ չորրորդ ուժ:

Անդրադառնալով վերջերս ԲՀԿ-ի արած հայտարարությանը` առաջիկա ընտրություններին առանձին ցուցակով մասնակցության վերաբերյալ` Հ. Սահակյանը նշեց. «Հանրապետականը 99 թվականից այս կողմ իրար չի խառնվում, եւ եթե քաղաքական դաշտում կայունություն է, եւ պղտոր ջրում ձուկ բռնելու պայմաններ չկան, դա չի նշանակում, որ մյուս քաղաքական ուժերը պետք է քայլեր անեն: Դա այդ քաղաքական ուժի որոշելիք խնդիրն է, առավել եւս, որ կոալիցիայում նման խնդիր չի քննարկվել, եւ քաղաքական ուժը` որպես առանձին միավոր, իր տեսակետը հայտնել է եւ ասել, որ առանձին է գնում ընտրությունների»:

Ինչ վերաբերում է նախորդ օրը ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանի հայտնած տեսակետին, որ Հանրապետականը ՀԱԿ-ի հետ միասնական դաշինք կստեղծի, հանրապետական պատգամավորը դա համարեց պայծառատեսության եւ երեւակայության արդյունք: «Ես հավատացնում եմ, որ այսօր նման խնդիր չկա»,- վստահեցրեց նա: