կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 23:45
Հասարակություն

Դպրոցը տգետների տեղը չէ

Դպրոցը տգետների տեղը չէ

Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում այսօր մեկնարկեց տնօրենների հավաստագրման քննությունների երկրորդ փուլը:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ քննությանը մասնակցել են 94 գործող եւ հավակնող տնօրեններ:

«Նախորդ անգամ քննություն հանձնողներն այսօր քննություն հանձնողներին փոխանցել էին, որ իսկապես պետք է պատրաստվել: Եվ կարծես այս անգամ պատասխանատվությունն ավելի մեծ էր»,- ասաց փոխնախարարը:

Քննության ընթացքին հետեւել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի` հավաստագրման քննությունների մեկնարկի ժամանակ հոռետեսներն ավելի շատ էին, չէին հավատում քննությունների անցկացման օբյեկտիվությանը եւ արդյունավետությանը:

«Մենք փորձում ենք տնօրենի նոր նշաձող դնել, կառավարման որակն ընկալելի դարձնել: Այսօր դպրոցում  տգետ մարդ չպետք է աշխատի»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ յուրաքանչյուր փոփոխություն թեեւ դժվար է տրվում, բայց դրական տեղաշարժերի է հանգեցնում:

Ընդհանուր առմամբ, քննությունների երկրորդ փուլին կմասնակցեն 1066 վերապատրաստված մասնակիցներ: Քննության անցկացման համար տրվում է 90 րոպե: Հարցաշարը բաղկացած է 60 հարցից, եւ անցողիկ շեմը պատասխանների 90 տոկոսի ճիշտ լինելն է:

Քննությունից դուրս եկող տնօրենները մեծ մասամբ հուզված էին եւ հավաստիացնում էին, որ պարտաճանաչ ուսանողի նման պարապել էին տանը:

188 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Արմեն Մարությանն առաջիններից մեկն էր, որ դուրս եկավ քննասենյակից:

«Ամեն ինչ նորմալ էր, հարցաշարն էլ շատ մատչելի էր: Եթե պարապել ես, շատ հեշտ է թվում»,- ասաց Ա. Մարությանը:

Վաղը կանցկացվի քննության բանավոր փուլը: