Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր երեկոյան` ժամը 18-ին, կմեկնարկի «Թանգարանային գիշեր» միջոցառումը, ինչը նշանակում է, որ Հայաստանի շուրջ 60 թանգարաններ դռները բաց` անհամբեր սպասելու են այցելուներին:
Այսօր, բացի ուշագրավ ու ինքնատիպ ցուցադրություններից, բոլոր թանգարաններն էլ միջոցառումներ են պատրաստել հյուրերի համար:
Ազգային պատկերասրահը, օրինակ, անդրադառնալու է տառերին, գրքերին, ցուցադրելու է Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը, իսկ, Հովհ. Թումանյանը տուն-թանգարանում, բացի համերգից եւ բեմադրությունից, ներկաներին հնարավորություն կտրվի դառնալու ինտերակտիվ խաղի մասնակից:
Սարյանի տուն-թանգարանը հրավիրում է ունկնդրել կամերային եւ վոկալ երաժշտություն, նաեւ լսել հետաքրքիր զեկույցներ եւ նույնիսկ դիտել փաստավավերագրական ֆիլմեր:
Թանգարանները ջանք ու եռանդ չեն խնայել ինչպես հարկն է մասնակցել միջոցառմանը եւ գոհացնել հյուրերին, բայց արդյո՞ք բոլորն են տեղյակ այս հիանալի միջոցառման մասին:
Հարցախույզ անցկացնելով, մասնավորապես, երիտասարդների շրջանում (շուրջ 70 մարդ)` պարզեցինք, որ մարդիկ կա'մ տեղյակ են` ինչպես հարկն է, կա'մ գաղափար անգամ չունեն, թե ինչի մասին է խոսքը:
«Էդ ինչ ա թանգարանային գիշերը. շաբաթօրյակի օր ա՞: Չէ, չգիտեմ` ինչի մասին է խոսքը»,- ասաց 24-ամյա Նարեկ Դանիելյանը եւ իմանալուց հետո անգամ անտարբեր ասաց. «Հա, մթոմ ինչ»:
Ի դեպ, նման մարդկանց թիվը այնքան էլ քիչ չէր (70 հարցվածից 48-ը):
Իսկ որոշ երիտասարդներ նույնիսկ քարտեզ էին գծել, թե որտեղից են սկսելու իրենց այցը եւ հերթականությամբ որ թանգարանն են այցելելու: «Կսկսենք Ժամանակակից արվեստի թանգարանից, հետո կգնանք Քոչարի, Չարենցի, Թումանյանի, Սարյանի, Կապուտիկյանի, Արամ Խաչատրյանի եւ վերջում Իսահակյանի տուն-թանգարան: Հուսով եմ` կհասցնենք»,- ասաց 21-ամյա Նարե Գեւորգյանը, որը պատրաստվում է թանգարաններ այցելել համակուրսեցիների հետ:
Այնուամենայնիվ, հավաստիացնենք, որ այցելողներ կշահեն (բայց ոչ հեռուստացույց կամ փոշեկուլ), իսկ չայցելողներին մաղթենք գոնե հաջորդ տարի «խելքի գալ»: