կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 04:31
Տնտեսական

Նախաձեռնությունների պակաս չի լինելու

Նախաձեռնությունների պակաս չի լինելու

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Վալլեքս» խմբի ընկերությունների վարչական շենքում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրեններն ու սեփականատերերը:

Մինչ խորհրդակցությունը սկսելը հանրապետության ղեկավարին ներկայացվել են «Վալլեքս» խմբի ընկերությունների ներդրումային ծրագրերը, հանքարդյունաբերության, մետալուրգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում խմբի մեջ մտնող ընկերությունների գործունեության արդյունքները:

Խորհրդակցության սկզբում նախագահն ընդգծել է, որ հանդիպման նպատակը ոլորտի ներկայացուցիչների հետ հանքարդյունաբերության ներկայի և ապագայի, այդ ոլորտում գործող ընկերությունների զարգացման ծրագրերի, կառավարության, պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության մասին խոսելն ու հանքարդյունաբերության այսօրվա խնդիրներին և դրանց լուծումներին անդրադառնալն է:

«Գիտեք, որ սկսել ենք հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներ, ընդամենը մի քանի օր առաջ անվտանգության խորհրդում հաստատեցինք հարկային, մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որի նպատակն է թեթևացնել հարկ վճարողների հոգսերը, պարզեցնել ողջ համակարգը:

Ընդամենը օրեր առաջ կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որը մասնագետներն արդեն հասցրել են որակել որպես հարկային համաներում: Իրականության մեջ դա հարկային համաներում չէ: Ճիշտ մոտեցում է, որի արդյունքում ընկերությունների համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ՝ աշխատելով պետեկամուտների կոմիտեի հետ, մշակել նախորդ տարիներին չվճարված հարկերի մարման ժամանակացույց և ազատվել տույժերից ու տուգանքներից:

Սա ձեռնտու է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ պետությանը: Կարծում եմ, որ ձեզնից շատերն արդեն սկսել են հարկային մարմինների հետ աշխատել էլեկտրոնային տարբերակով, և այս հնարավորությունն, իհարկե, նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Նման նախաձեռնությունների պակաս չենք ունենալու»,- ասել է նախագահը:

Նա նշել է, որ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին ձեռնարկությունների հետ հարկային, մաքսային մարմինների աշխատանքը հիմնված է լինելու համագործակցության վրա` բացառելով արհեստական խնդիրներ ստեղծելու մոտեցումները, որոնք պետության համար մերժելի են:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ փոփոխություների ընթացքում չպետք է թույլ տալ բյուջետային մուտքերի կրճատում. «Սա ես ուղղակի բացառում եմ, որովհետև մենք չենք կարող չվճարել սոցիալական, կրթության, առողջապահության, պաշտպանության ծախսերը: Չենք կարող թոշակներ և աշխատավարձներ չվճարել կամ վճարել ուշացումներով: Մենք դա ուղղակի բացառում ենք: Ուստի, բոլորս պետք է շահագրգռված լինենք փոփոխությունների ընթացքում լինել կառուցողական:

Քանի որ այս մոտեցումները բխում են և՛ տնտեսվարողների, և՛ պետության շահերից, ես իրավունք ունեմ ակնկալելու, որ ձեր համատեղ աշխատանքը լինելու է տևական և արդյունավետ: Ես իմ հանդիպումների շարքը խոշոր տնտեսվարողների հետ սկսեցի հենց հանքարդյունաբերության ոլորտից, որովհետև հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Այսօր միջազգային շուկայում գունավոր մետաղների գինը հնարավորություն է տալիս զարգացման նոր ծրագրեր կազմելու և ավելի վստահորեն նայելու ապագային:

Նաև սա է պատճառը, որ բոլորիդ կոչ եմ անում ընդլայնվել, նոր ծրագրեր կազմել: Մի կողմից՝ սեփականատերերը կստանան շահույթ, մյուս կողմից՝ աշխատատեղեր կստեղծվեն, և, բնականաբար, պետությունը կստանա հավելյալ հարկային եկամուտներ»,- ասել է նախագահը:

Խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր տնտեսական նկարագիրը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետության մոտեցումները:

Այնուհետև պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների և, այդ առանձնահատկություններից ելնելով, իրականացվող հարկային քաղաքականության, ոլորտի զարգացման դինամիկայի և դրան համարժեք` հարկերի հավաքագրման տեմպերի, ինչպես նաև ՊԵԿ-ի ու հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համագործակցության մասին, որից հետո հնչած մոտեցումների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել քննարկում: