Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
«Օրենքի ընդունման նպատակները երկուսն են՝ մեկը` կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Բռնություն գործած անձի նկատմամբ նախատեսվում են մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել նրա հետ շփման մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս, օրինակ` ալկոհոլամոլությունից: Պաշտպանական մեխանիզմները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական ու վարչական պատասխանատվության միջոցներ:
«Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության»,- ասաց նախարարը և նշեց, որ պաշտպանական որոշումը միայն տուժողի կամքից է կախված:
Ըստ Հարությունյանի` նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում` սոցիալական աջակցության կենտրոններ, որոնք տրանսֆորմացիայի կենթարկվեն, և ապաստարաններ: «Թեև թյուր կարծիք կա և հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն, այնուամենայնիվ, պետք է մեկ անգամ ևս հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան: «Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,- ասաց նախարարը։