կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 22:54
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Փողդ շաքարով կտրեմ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Փողդ շաքարով կտրեմ
Անցած հանգստյան օրերին խանութներից գնումներ կատարելիս շատերը պարզեցին, որ մի շարք ապրանքների գներ կրկին աճել են: Գների աճը հատկապես զգալի էր փոքր ու միջին խանութներում: 5-10 դրամով թանկացել են շաքարը, կարագը, մսամթերքները, մակարոնեղենը... Չնայած որեւէ ապրանքի գնի կտրուկ աճ այս օրերին չի արձանագրվել, այդուհանդերձ թանկացումները ավելի երկար ժամկետում զգալի են: Սա պայմանականորեն կարելի է կոչել սողացող գնաճ, որը մի քանի օրերի ընթացքում նույնիսկ նկատելի էլ չէ, բայց, ասենք, ամսվա կտրվածքով արդեն զգալի է: Թանկացումները, ըստ արդեն արմատացած ավանդույթի, բացատրվում են միջազգային շուկայում ապրանքների գների աճով եւ դրամի արժեզրկմամբ: Ու ստացվում է, որ ամեն ինչ նորմալ է, եւ այդպես էլ պետք է լինի: Թերեւս կարիք չկա խորանալու ապրանքների ներկրման մանրամասների եւ դրանց գնագոյացման նրբությունների մեջ: Սակայն Հայաստանում գների աճը միջազգային գներով եւ դրամի փոխարժեքով բացատրողներին ուղղված բնական հարց է առաջանում: Մի քանի տարի առաջ մասնավորապես սննդամթերքի գների զգալի անկումներ էին արձանագրվում, ու դրան զուգահեռ դրամը սրընթաց արժեվորվում էր: Որոշ ապրանքների գներ միջազգային շուկայում նվազել էին 10-15 տոկոսով, իսկ դրամը նույն ընթացքում արժեվորվել էր 30 տոկոսով: Այսինքն, ներկրվող ապրանքների գները Հայաստանում պետք է նվազեին մի 30-40 տոկոսով առնվազն: Բայց այդքան չեն նվազել: Սա խոսակցության մի առանձին եւ մեծ թեմա է, բայց շաքարավազի գնի ներկայումս արձանագրվող աճը պետք է տարօրինակ համարել: