կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-12 12:11
Առանց Կատեգորիա

Համագումարդ համագումարով ''կտրեմ''

Համագումարդ համագումարով ''կտրեմ''

Այն, որ ԵԿՄ և ԲՀԿ համագումարների՝ նույն օրը և նույն ժամին տեղի ունենալու հանգամանքը մեր լրատվամիջոցները համարում են «հետաքրքիր զուգադիպություն», անտարակույս պայմանական է: Բոլորն են հասկանում, որ դա ոչ թե պարզ զուգադիպություն է, այլ քաղաքական դաշտում երկու քաղաքական ուժերի՝ միմյանց հետ համագումարներով «խոսելու», համագումարներով հաշիվներ մաքրելու ու նույնիսկ մեկմեկու «կտրելու»` արդեն արմատավորվող գործելակերպ:

 

Պարզ ողջամտությունը հուշում է, որ ներքաղաքական դաշտում որոշ դերակատարություն ունեցող այս ուժերը պիտի խուսափեին «զուգադիպությունից» հենց միայն այն պատճառով, որ հանրության ուշադրությունը, եթե այն կար (իսկ այս երկու ուժն էլ անխոնջ պնդում են, որ այդ ուշադրությունը շատ մեծ է), զուր տեղը չբեկվեր-չփոշիանար: Բայց՝ չէ, նրանք իրենց համագումարները կանեն նույն օրը և նույն ժամին: Քաղաքական դաշտում նաև պրակտիկա է արմատավորվում՝ միմյանց հետ խոսել համագումարների ոչ միայն ժամ ու ժամանակի, այլև տեղի «լեզվով»:

 

Դժվար է ասել՝ մեկ էլ երբ է ԵԿՄ-ն իր համագումարները ՄՀՀ-ում անցկացնելու ճոխություն թույլ տվել իրեն (քանի՛ աղքատ ազատամարտիկ կարող էր օժանդակություն ստանալ համագումարի «կազմակերպական» փողերով), բայց այս անգամ այդպես է լինելու: Թերևս պատճառն այն է, որ համագումարն իր ներկայությամբ պատվելու է ՀՀ նախագահը: Նրա բացակայությունը ԲՀԿ համագումարում, անտարակույս, այս կուսակցության «ամոթն» է ու «խարանը»: Համենայն դեպս, կարծես հենց այդ տպավորության համար է ընտրվել նույն օրը ԵԿՄ համագումարով ԲՀԿ-ի համագումարը «կտրելու» տարբերակը:

 

Այսպես, ուրեմն, հայ քաղաքական օրացույցում համագումարներով արդեն համագումարներ ենք «կտրում»: Ի դեպ, հայ քաղաքական դաշտը մի էթնիկ յուրահատկություն էլ ունի՝ համագումարի թեժ պահին նախագահությունը կարող է վերածվել պարի անսամբլի: Տեսնենք՝ այս անգամ ինչ կլինի:

 

Լ. Սարգսյան