կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 00:51
Քաղաքական

Հայ Դատն առաջ տանելու համար

Հայ Դատն առաջ տանելու համար

ՀՅԴ Բյուրոյի, Ամերիկաների եւ Ավստրալիայի Կենտրոնական կոմիտեների եւ Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներն անցած շաբաթ Նյու Ջերսիում խորհրդաժողով են անցկացրել` նվիրված Հայ Դատի խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը, խորհրդաժողովն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության, Վրաստանի Ջավախք տարածաշրջանի ինքնավարության հարցերին, նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ Սփյուռքի դիմագրաված մարտահրավերներին:

Խորքային քննարկումների նյութ է եղել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ուրացումն ու արդարության հաստատման դեմ Անկարայի կողմից հարուցվող խոչընդոտները հաղթահարելու, այդ ոճրի համար Թուրքիային պատասխանատվության կանչելու եւ  արդար, ամբողջական ու տեւական լուծում ապահովելու ռազմավարությունները։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, անվտանգությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը եւ միջազգային կարգավիճակը ապահովելու նոր ուղիներ, բացի այդ` նաեւ Ջավախքի տեղական ինքնակառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման իրավունքներին աջակցելու հնարավորությունները։

Խորհրդաժողովի մասնակիցները կարեւորել են անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի Հանրապետության զարգացմանը, կարծիքներ են փոխանակել հայկական գաղթօջախների քաղաքական գործունեության եւ ազդեցության աճի վերաբերյալ: