Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011թ. փետրվարից «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ն ներգրավվել է «Արցախ ուղի» ծրագրում, որի ֆինանսավորումը մոտ 16 միլիոն դրամ է եւ ուղղված է Արցախի կրթական մակարդակի ու հասարակական կազմակերպությունների ներուժի բարձրացմանը:
Ծրագիրն արցախցի երիտասարդներին առաջարկում էր մի շարք դասընթացներ և կրթական խորհրդատվություն` արտերկրի տարբեր բուհեր դիմելու և կրթական ծրագրերի մասնակցելու համար: Ընդ որում` ծրագրում ընդգրկված կազմակերպությունները հնարավորություն ունեն օգտվելու Ստեփանակերտի` տեխնիկապես հագեցած գրասենյակի հնարավորություններից:
Սակայն Արցախի եվրոպական շարժումը դուրս է մնացել ծրագրից: Առաջին անգամ չէ, որ ճնշումներ և անհանդուրժողականություն է դրսևորվում այդ կազմակերպության նկատմամբ, սակայն կազմակերպությունը ծրագրից հանելու համար միջնորդել է անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի իշխանություններին հատկապես բարկացրել է ՀԿ-ի կազմակերպած «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» եռամսյա դասընթացը, որի ընթացքում դասավանդել են մասնագետներ Ստեփանակերտից և Երևանից:
Սկզբում զգուշացրել են, որ գրասենյակ չպետք է գա Մասիս Մայիլյանը` Արցախի նախկին փոխարտգործնախարարը, որը 2007-ին նաև նախագահի թեկնածու էր: Այնուհետև լուրջ ճնշումներ են սկսվել դասընթացին հաճախող ուսանողների վրա:
«Արցախի եվրոպական շարժումն իր հիասթափությունն է հայտնում նախագահ Բակո Սահակյանի` մի խումբ բանսարկուների ասածների վրա որոշումներ ընդունելու փաստից: Մենք ցավ ենք զգում, որ մեր երկրի նախագահը միակողմանի կարծիքների հիման վրա դիմում է նախագահին ոչ արժանի քայլերի, և կարծում ենք, որ ապատեղեկատվությունից խուսափելու միակ ձևը առնվազն բոլոր կողմերին լսելն է:
Արցախի եվրոպական շարժումն արդեն սկսել էր Միջազգային եվրոպական շարժման թղթակից անդամ դառնալու շուրջ բանակցություններ` նպատակ ունենալով ինտեգրվել միջազգային հասարակական դաշտում: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղարը ողջունել էր մեր կազմակերպության գործունեությունը և պատրաստակամություն հայտնել լինել Արցախում: Մեզ հետ կատարված վերջին իրադարձությունները սպառնալիքի տակ են դնում այս ողջ գործընթացը:
Արցախի եվրոպական շարժումը խնդրում է Արցախի նախագահից չխոչընդոտել կազմակերպության գործունեությանը և վերացնել պետական այլ կառույցների կողմից առկա խոչընդոտները: Միևնույն ժամանակ, հայտնում ենք մեր մտահոգությունն առ այն, որ մինչև այսօր Արցախի տարբեր կառույցների կողմից Հայաստանից և Սփյուռքից եկածները համարվում են օտար, նրանց գործունեությունը շատ հաճախ այդ նույն մարմինների կողմից խոչընդոտվում է: Մենք համոզված ենք, որ հայության բոլոր ներկայացուցիչները` անկախ ծննդյան վայրից, իրավունք ունեն ապրելու, ստեղծագործելու և կայանալու Արցախում»,- ասվում է ՀԿ-ի հայտարարության մեջ: