կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 00:14
Աշխարհ

Կքննարկվի հայ համայնքին ամենաշատ հուզող հարցը

Կքննարկվի հայ համայնքին ամենաշատ հուզող հարցը

Ֆրանսիայի Սենատի սոցիալիստների խմբակցության նախաձեռնությամբ` մայիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վավերացման հարցը. տեղեկացնում է Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակը:

2006 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել էին օրինագիծ, ըստ որի` Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 5 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք: Սակայն արդեն 4 տարի է Սենատը սառեցնում է օրինագծի վավերացումը:

Ֆրանսիայի հայ համայնքը բազմաթիվ բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ սենատորների պահվածքի: Վերջինը`մարտի 12-ինը, որին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, արդյունավետ եղավ. Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախագահ Մարտին Օպրին, անսալով ՀՅ Դաշնակցության պահանջին, գրավոր խոստացել էր հարմար առիթի դեպքում օրինագիծը ներառել Սենատի օրակարգում եւ, փաստորեն կատարել է իր խոստումը:

Ի դեպ, այս տարվա նոյեմբերին Ֆրանսիայում անցկացվելու են խորհրդարանական, իսկ մեկ տարի անց` նախագահական ընտրություններ, եւ հարկ է, որ թե' իշխանական մեծամասնությունը, թե' ընդդիմադիրները աչքաթող չանեն հայ համայնքին հուզող այդ հարցը: