կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-31 02:10
Սպորտ

Թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումից հետո

Թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումից հետո

Քաթար-Ռուսաստան (1:1) խաղից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը դժգոհել է, որ ֆուտբոլիստներն անհրաժեշտ ինքնանվիրումով չեն խաղացել, բայց նաև ընդգծել է, որ ընկերական խաղերում առաջընթաց պետք չէ սպասել:

«Խաղն օգտակար էր ինձ համար: Կարևոր էր նայել, թե ինչպես են միմյանց հետ աշխատում ֆուտբոլիստները նոր իրավիճակներում, այլ տակտիկական սխեմայում, որը մենք օգտագործեցինք երկրորդ խաղակեսում»,- ասել է Ադվոկատը:

Վերջին ընկերական խաղերում Ռուսաստանը բնավորություն և նվիրում ցույց չի տվել: Վառ օրինակը Իրանի հետ հանդիպումն էր: Սակայն ընտրական խաղերում էլ հաղթանակի համար նվիրական պայքար ռուսներն առանձնապես չեն ցուցադրել:

Հայաստանի հավաքականի դեմ ընտրական հանդիպման ժամանակ էլ ռուս ֆոտբոլիստներն իրար չէին հասկանում, և թիմային խաղ նրանց կատարմամբ դժվար է հիշել: Եթե նրանք մի փոքր հասկանային միմյանց փոխանցումները, գուցե բազմաթիվ անկյունայիններից մեկը գոլի վերածվեր: Ի վերջո, ընկերական հանդիպումները միայն փորձարկումներ չեն, դրանք պետք է որևէ խաղային արդյունքի հանգեցնեն:

Երեկ НТВ спорт+ հեռուսատաալիքի «90 րոպե» թոք շոուի ժամանակ քննարկվում էր Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Ինչպես նշեց Անատոլի Ֆյոդորովիչ Բիշովեցը, «Զենիթի» խաղացողները, իմանալով, որ ցանկացած մարզավիճակով էլ կընդգրկվեն հավաքականի մեկնարկային կազմում, ամբողջովին չեն ներգրավվում պարապմունքների մեջ: Հաղորդման ժամանակ հատկապես շատ էր շեշտվում, որ հավաքականը` թե՛ մարզումային և թե՛ խաղային պլանում, կոլեկտիվ գործողություններով քիչ էր աչքի ընկնում: Հատկապես քննադատության արժանացավ Անդրեյ Արշավինը: Իսկ ըստ թոք շոուի մասնակիցների` լավագույն խաղ ցույց տվեց «Զենիթի» հենակետային կիսապաշտպան Իգոր Դենիսովը:

Ինչպես հարցազրույցներից մեկում նշեց Յուրա Մովսիսյանը. «Ռուսաստանն այն հավաքականը չէ, որը կարող է հաղթել մեզ նորմալ ֆունկցիոնալ վիճակում գտնվելու ժամանակ»:

«Երկիրի» մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ